Արտերկրում Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցին նվիրված միջոցառումների վերաբերյալ

27 ապրիլի, 2021

Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի կապակցությամբ արտերկրում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների կողմից մի շարք երկրներում կազմակերպվեցին տարաբնույթ միջոցառումներ։ 

Ապրիլի 13
Թբիլիսիի Ազատության հրապարակում կայացավ «Հայոց ցեղասպանությունը» խորագրով ցուցահանդես։ Ներկայացված էին Հայոց ցեղասպանության, Բաքվի, Սումգայիթի ջարդերի, ինչպես նաև Արցախում և Նախիջևանում ադրբեջանական վանդալիզմի զոհ դարձած հայկական մշակութային կոթողների նկարները։ Ցուցահանդեսը կազմակերպել էր «Վրաստանի հայ համայնք» հասարակական կազմակերպությունը։

Ապրիլի 15
Պրովանս Ալպ-Կոտ դ'Ազյուր շրջանային (Provence-Alpes-Côte d'Azur) խորհրդի շենքի ճակատին տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշապաստառի բացման արարողությունը` խորհրդի նախագահ Ռենո Մյուզելիեի, Մարսելում ՀՀ հյուպատոս Սամվել Լալայանի, Ֆրանսիայում Արցախի ներկայացուցիչ Հովհաննես Գևորգյանի և հայկական կազմակերպությունները համակարգող խորհրդի հարավային խորհրդի (CCAF-SUD) նախագահի և փոխնախագահների մասնակցությամբ: 

Ապրիլի 17
Վարշավայի Բազմամշակութային կենտրոնում, «Հայկական հիմնադրամ» կազմակերպության և «Լեհ-հայկական» հիմնադրամի աջակցությամբ, կայացավ «Հայոց ցեղասպանության լուսաբանումը համաշխարհային մամուլի առաջին էջերին» ցուցահանդեսի բացման արարողությունը: Միջոցառմանն առցանց ձևաչափով մասնակցեց Լեհաստանում ՀՀ դեսպան Սամվել Մկրտչյանը։ Ցուցանմուշներն ընտրվածծ են Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հավաքածուներից:

Ապրիլի 19
Գերմանիայի Լայպցիգ քաղաքի Սուրբ Նիկողայոս կենտրոնական եկեղեցում տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցին նվիրված հիշատակի արարողություն։ Ներկաներին ողջունեց Լայպցիգի քաղաքապետարանի Միջազգային համագործակցության վարչության պետ Գաբրիելե Գոլդֆուսը, Սուրբ Նիկողայոս եկեղեցու հոգևոր հովիվ Բերնհարդ Շտիֆը և Լայպցիգի հայկական մշակութային միության նախագահ Անահիտ Բաբայանը։ Ելույթով հանդես եկավ ԳԴՀ-ում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը՝ անդրադառնալով նաև Թուրքիայի հակահայկական քաղաքականության շարունակականությանն անգամ 106 տարի անց` նախորդ տարի Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի ընթացքում։ Դրեզդենի Զեմփերօպերի մենակատար Հրաչուհի Բասենցը հանդես եկավ Կոմիտասի և Նարեկացու կատարումներով։

Ապրիլի 22
Բաղդադի Սբ․ Գրիգոր Լուսավորիչ առաջնորդանիստ եկեղեցում մատուցվեց Հայոց ցեղասպանության զոհերի 106-րդ տարելիցի հիշատակին նվիրված սուրբ պատարագ, որին մասնակցեց Իրաքում ՀՀ դեսպանության անձնակազմը՝ դեսպան Հրաչյա Փոլադյանի գլխավորությամբ։ Պատարագի ավարտից հետո տեղի ունեցավ օրվա խորհրդին նվիրված հուշ-երեկո, որի ընթացքում ելույթներով հանդես եկան իրաքահայ համայնքի ներկայացուցիչներ։ Օրվա պատգամի վերաբերյալ իր ուղերձը հղեց ՀԱԵ Իրաքի Հայոց Թեմի առաջնորդ Տ․ Ավագ Արք․ Ասատուրյանը։ Միջոցառման ավարտից հետո Իրաքում ՀՀ դեսպան Հրաչյա Փոլադյանը, ինչպես նաև Բաղդադում գործող հայկական մշակութային և մարզական միությունները ծաղկեպսակներ զետեղեցին եկեղեցու բակում տեղադրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձան-խաչքարի մոտ։

Սուրբ Աթոռում ՀՀ դեսպան Կարեն Նազարյանը և Իտալիայում ՀՀ դեսպան Ծովինար Համբարձումյանը հանրային, ակադեմիական ու քաղաքական հայտնի գործիչների ու լրագրողների հետ մեկտեղ մասնակցեցին #StandTogether ներառական և էկումենիկ թվային հարթակի հետ համատեղ կազմակերպած «Ցեղասպանության կանխարգելում» խորագրով առցանց քննարկմանը։ Մասնակիցներն անդրադարձան Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացին՝ ապագայում մարդկության հանդեպ նմանօրինակ հանցագործությունների կանխարգելման լույսի ներքո, խոսեցին ժխտողականության դեմ միասնական ու անողոք պայքար մղելու, ցեղասպանության թեման դասավանդելու անհրաժեշտության, ինչպես նաև Արցախի ժողովրդի հանդեպ իրականացված ոճրագործությունների մասին։

Ռումինիայում ՀՀ դեսպան Սերգեյ Մինասյանը հեռավար հարթակում մասնակցեց ռումինահայ հայտնի լրագրող, հաղորդավար, պրոդյուսեր, Ռումինահայոց միության Կլուժի մասնաճյուղի նախագահ Կարեն Շեբեշիի «Անմեղ արյան ճիչը. Հայոց ցեղասպանության հարյուրամյակ. (1915-2015) TVR Կլուժում» գրքի ներկայացում-քննարկմանը: Գիրքը ներառում է ռումինական հանրային TVR Կլուժ հեռուստաընկերության կողմից պատրաստված և հանդիսատեսին ներկայացված հարցազրաույցներ ու հոդվածներ՝ նվիրված հայ ժողովրդի պատմության ամենաողբերգական էջին՝ Հայոց ցեղասպանությանը:

Չեխիայում ՀՀ դեսպանության անձնակազմի և տեղի հայ համայնքի մասնակցությամբ, Պրահայի Սուրբ Հոգու եկեղեցում անցկացվեց Հայոց ցեղասպանության Սրբոց Նահատակաց հիշատակման արարողության, որի ավարտին ներկաներին խոսքով դիմեց նաև դեսպան Աշոտ Հովակիմյանը։

Ապրիլի 23
Մեքսիկայի Մոնտերեյի տեխնոլոգիական համալսարանը կազմակերպեց միջոցառում, որի ընթացքում կայացավ Միջազգային հարաբությունների ֆակուլտետի պրոֆոսարադասխոսական և ուսանողական կազմի կողմից ստեղծված «Genocidio Armenio» փաստագրական կարճ ֆիլմաշարի ցուցադրությունը: Միջոցառման մեկնարկին ելույթով հանդես եկավ Մեքսիկայում ՀՀ դեսպանը, ինչպես նաև՝ համալսարանի դասախոս, դոկտոր Նուրֆեթ Հերնանդես Վիլչիսը:

Սանկտ-Պետերբուրգի «Բալտիյսկի Դոմ» պետական թատրոնում ՀՀ գլխավոր հյուպատոսության աջակցությամբ տեղի ունեցավ Մեծ Եղեռնի 106-րդ տարելիցին նվիրված «Ձեզ եմ դիմում…» մենակատարումը՝ Ստանիսլավսկու անվան պետական ռուսական դրամատիկական թատրոնի ՀՀ վաստակավոր արտիստ Ռոբերտ Հակոբյանի կատարմամբ։ Ներկայացմանը ներկա էին Սանկտ Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոսության խորհրդական Վազգեն Սարգսյանը, ԱՊՀ ՄԽՎ-ում ՀՀ ԱԺ մշտական ներկայացուցիչ Հայկ Չիլինգարյանը, Սանկտ-Պետերբուրգի՝ Կառավարության արտաքին կապերի կոմիտեի ղեկավարի տեղակալ Անդրեյ Խլուտկովը, Սանկտ-Պետերբուրգում ՀԱԵ հոգևոր հովիվ Տ. Պողոս աբեղա Վարդանյանը, Սանկտ-Պետերբուրգում Երևանի քաղաքապետարանի ներկայացուցիչ Արմենակ Կարապետյանը, հայ համայնքի ներկայացուցիչներ:

Ապրիլի 24
Եվրոպայի խորհրդում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Պարույր Հովհաննիսյանը և Ստրասբուրգի քաղաքապետ Ժան Բարսեղյանը ծաղկեպսակ զետեղեցին Եվրոպայի խորհրդի կենտրոնակայանի հարևանությամբ գտնվող խաչքարի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգեցին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը։ Միջոցառմանը ներկա էին նաև Ստրասբուրգի քաղաքապետարանի և Էլզաս նահանգի հայ համայնքի ներկայացուցիչներ: 

Սանկտ-Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոսության խորհրդականներ Վազգեն Սարգսյանը, Մարիա Բաբայանը մասնակցեցին Սանկտ-Պետերբուրգի Սբ. Կատարինե հայ առաքելական եկեղեցում մատուցված Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների ոգեկոչման պատարագին։ Այնուհետև Սանկտ-Պետերբուրգի Վասիսլեոստրովսկի շրջանի «Կամսկի» այգում գտնվող Կոմիտաս Վարդապետի հուշարձանին ծաղկեպսակ զետեղվեց՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի։ 

Լեհաստանում ՀՀ դեսպանությունը ծաղկեպսակի տեղադրման ավանդական արարողություն կազմակերպեց Վարշավայի Հայկական պուրակում գտնվող խաչքարի մոտ՝ հարգելու համար Հայոց ցեղասպանության սրբադասված 1,5 միլիոն անմեղ զոհերի հիշատակը: Արարողությանը մասնակցեցին Լեհաստանի խորհրդարանի վերին պալատի նախագահի անունից՝ Սենատի աշխատակազմի ղեկավար Ադամ Նիեմչևսկին, ինչպես նաև Սենատի Միջազգային և Եվրամիության հարցերով գրասենյակի փոխտնօրեն Ռոբերտ Բոբրովսկին: Հիշատակի արարողությունը մեկնարկեց Հայ Առաքելական եկեղեցու հոգևոր հովիվ Տ. Տարոն վարդապետ Ղուլիկյանի բարեխոսական կարգի հանդիսապետությամբ: Ներկաներին ուղղված իր խոսքում դեսպան Սամվել Մկրտչյանն, անդրադառնալով օրվա խորհրդին, այն որպես ոչ միայն հարգանքի տուրքի մատուցում, պատմական արդարության հաստատում որակեց, այլ նաև նմանօրինակ ոճիրները կանխելու համամարդկային կոչ և ուղերձ, մասնավորապես՝ բարձր գնահատելով Լեհաստանի խորհրդարանի կողմից 2005թ. ապրիլին Հայոց ցեղասպանության ճանաչման նշանակությունը:

Բեռլինի Սուրբ Հեդվիգ Մայր Տաճարի մոտ տեղադրված՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող խաչքարի մոտ տեղի ունեցավ հիշատակի միջոցառում: Բացման խոսքով հանդես եկավ Բեռլինի Ազատ համալսարանի օսմանագետ պրոֆ. դր. Էլկե Հարթմանը: Գերմանիայում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանն իր խոսքում ընդգծեց հիշողության պահպանման և հաջորդ սերունդներին փոխանցման կարևորությունը, ավելի քան մեկ դար շարունակվող Թուրքիայի հակահայկական քաղաքականությանը։ Հիշատակի միջոցառմանը ներկա էին ԳԴՀ Բունդեսթագի, ԱԳՆ, Բեռլին երկրամասի և այլ պաշտոնական շրջանակների, ինչպես նաև գերմանահայ համայնքային կառույցների և լրատվամիջոցների ներկայացուցիչներ:

Ժնևի Սուրբ Հակոբ հայոց եկեղեցում Շվեյցարիայի հայոց թեմի առաջնորդական տեղապահ Հոգեշնորհ Տ.Գուսան վարդապետ Ալջանյանի կողմից մատուցվեց Սուրբ Պատարագ՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների։ Ոգեկոչման արարողությունը շարունակվեց եկեղեցու հարևանությամբ բացօթյա տարածքում՝ Մեծ Եղեռնի զոհերի հուշարձանի մոտ։ Ելույթով հանդես եկավ Շվեյցարիայի հայկական միության փոխնախագահ Րաֆֆի Գիրագոսյանը։ Շվեյցարիայում ՀՀ դեսպան Անդրանիկ Հովհաննիսյանը ծաղկեպսակ զետեղեց Մեծ Եղեռնի զոհերի հուշարձանին։ Նույն օրը ոգեկոչման միջոցառումներ տեղի ունեցան Ցյուրիխում, Տիչինոյում, Դուբենդորֆում և Շվեյցարիայի մի շարք այլ բնակավայրերում։

Հայ Կաթողիկե եկեղեցու հոգևոր հովիվ, ծայրագույն վարդապետ Յուզեֆ Նաումովիչի ղեկավարությամբ Վարշավայի Բիելանսկիի կաթոլիկ վանական համալիրի եկեղեցում մատուցվեց պատարագ։ Սուրբ պատարագից հետո ելույթներով հանդես եկան Լեհաստանում ՀՀ դեսպան Սամվել Մկրտչյանը, Սեյմի նախկին նախագահ Մարեկ Յուրեկը, ԼՀ կառավարության և ազգային ու էթնիկ փոքրամասնությունների համատեղ հանձնաժողովում հայ փոքրամասնության ներկայացուցիչ Բոգդան Կասպրովիչն ու «Հայ-լեհական հասարակական կոմիտեի» նախագահ Հրաչյա Բոյաջյանը:

Ղազախստանի մայրաքաղաք Նուր-Սուլթանում՝ ռուս ուղղափառ եկեղեցուն պատկանող Սուրբ Ուսպենյան տաճարում տեղի ունեցավ բարեխոսական կարգ` ի հիշատակ Հայերի ցեղասպանության Սուրբ նահատակների: Կարգն անցկացվեց Նուր-Սուլթանի եկեղեցական շրջանի ղեկավար, Ծայրագույն վարդապետ Սերգի Կարամիշևի (Сергий Карамышев) կողմից: Արարողությանը մասնակցում էին Ղազախստանում ՀՀ դեսպանության դեսպանորդ, գործերի ժամանակավոր հավատարմատար Արթուր Մանասերյանը, դեսպանության անձնակազմը և հայ համայնքի ներկայացուցիչները: ՀՀ դեսպանորդը ծաղկեպսակ զետեղեց տաճարի տարածքում գտնվող հայկական խաչքարին՝ հարգանքի տուրք մատուցելով Սուրբ նահատակների հիշատակին:

Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայի հայկական գերեզմանատանը տեղադրված Հայոց Ցեղասպանությանը նվիրված խաչքարի մոտ, այնուհետև՝ Սոֆիայի «Երևան» պուրակում տեղադրված խաչքարի մոտ տեղի ունեցան հիշատակի միջոցառումներ: Բուլղարիայում ՀՀ դեսպան Արմեն Եդիգարյանը, դեսպանության անձնակազմի ուղեկցությամբ, հայկական գերազմանատանը և «Երևան» պուրակում ծաղկեպսակներ զետեղեց զույգ խաչքարերի առջև և հարգանքի տուրք մատուցեց ցեղասպանության բյուրավոր Սրբացյալ նահատակներին: Միջոցառմանը ներկա էր ԲՀ ԱԺ պատգամավոր, «Ժողովրդավարական Բուլղարիա» խմբակցության ներկայացուցիչ Ցեցկա Բաչկովան, ВМРО կուսակցության ներկայացուցիչ, Սոֆիայի քաղաքապետարանի համայնքային խորհրդի անդամ Վլադիմիր Միտովը, Եվրոպական խորհրդարանի պատգամավոր, Հայաստանի հարցերով զեկուցող Անդրեյ Կովատչևը, հայ և բուլղարացի անվանի մտավորականներ, հասարական-քաղաքական, արվեստի և գրականության գործիչներ և համայնքի ներկայացուցիչներ։

Կիևի կենտրոնի այգիներից մեկում տեղադրված՝ հայ և ուկրաինացի ժողովուրդների անմեղ զոհերի հիշատակին նվիրված Խաչքարի մոտ տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցին նվիրված հուշ-արարողություն։ Արարողության սկզբում Ուկրաինայի հայ համայնքի հոգևոր առաջնորդ Տ. Մարկոս եպիսկոպոս Հովհաննիսյանը հանդես եկավ Հիսուս Քրիստոսի շնորհական աղոթքով։ Ելույթ ունեցավ Ուկրաինայում ՀՀ դեսպան Տիգրան Սեյրանյանը, ով զուգահեռներ անցկացրեց 1915թ․ Հայոց ցեղասպանության և 2020թ․ Ադրբեջանի՝ Թուրքիայի և միջազգային ահաբեկիչների օգնությամբ Արցախի դեմ իրականացված ագրեսիայի միջև։

Չինաստանում ՀՀ դեսպանությունում կազմակերպվեց Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցին նվիրված միջոցառում, որին մասնակցեցին դեսպանության դիվանագետները, Պեկինի և Չինաստանի տարբեր համալսարանների հայ ուսանողներ, գործարարներ, Չինաստանում ժամանակավորապես բնակվող Հայաստանի քաղացիներ։ Հիշատակի միջոցառման սկզբում ներկաները դեսպանության տարածքում տեղադրված խաչքարի մոտ կատարեցին ծաղիկների զետեղման և խնկարկման արարողություն, տեղի ունեցավ մոմավառություն։Ելույթով հանդես եկավ ՉԺՀ-ում ՀՀ դեսպան Սերգեյ Մանասարյանը։

Լոս Անջելեսում, Սուրբ Ղևոնդյաց տաճարում պատարագ է մատուցվել, որին մասնակցել են համայնքային առաջնորդները։ Ոգեկոչման միջոցառմանը մասնակցել է Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոս Արմեն Բայբուրդյանը։

Չեխիայում ՀՀ դեսպան Աշոտ Հովակիմյանը, դեսպանության անձնակազմի և համայնքի ներկայացուցիչների մասնակցությամբ, ծաղկեպսակ զետեղեց Պրահայի հայկական խաչքարին։ ՀՀ դեսպանության անունից՝ Սերբիայում ՀՀ պատվավոր հյուպատոս Պրեդրագ Տոմիչը ծաղկեպսակ զետեղեց նաև Զեմունում գտնվող հայկական խաչքարին։

Հունաստանի Հանրապետության նախագահ Կատերինա Սակելարոպուլուն Աթենքի Սինտագմայի հրապարակում տեղադրված Անհայտ զինվորի հուշարձանի մոտ ծաղկեպսակ զետեղեց։ Միջոցառման հանդիսավոր արարողությանը ներկա էին Հունաստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ֆադեյ Չարչօղլյանը, Հունաստան-Հայաստան միջխորհրդարանական բարեկամության խմբի նախագահ Դիմիտրիս Մարկոպուլոսը, Հունաստանի Հանրապետության Գլխավոր շտաբի պետ Կոնստանդինոս Ֆլորոսը, Ատիկահի նահանգապետ Գեորգեոս Պատուլիսը, Աթենքի քաղաքապետ Կոստաս Բակոյիաննիսը, Հունաստանի կրթության և կրոնի հարցերով փոխնախարար Անգելոս Սիրիգոսը, Հու­նա­հա­յոց թե­մի ա­ռաջ­նորդ Գե­ղամ Արք. ­Խա­չե­րյանը, Ազգային վարչության ատենապետ Պողոս Չոլակյանը և ՀՅԴ Հունաստանի Կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչը Սերկո Գույումջեանը:

Աթենքի Նեա Զմիրնի թաղամասի «Զանգակ» հուշակոթողի մոտ տեղի ունեցավ Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիված ոգեկոչման արարողություն։ Արարողությունը մեկնարկել է հոգևոր դասի ներկայացուցիչների սրբոց բարեխոսական կարգի մատուցմամբ, ինչին հաջորդել է ծաղկեպսակների զետեղման  արարողություն  և մոմավառութուն:

Սալոնիկ քաղաքի  «Մեղարոն համերգասրահի և Սալոնիկի սիմֆոնիկ պետական նվագախմբի կատարմամբ կայացավ համերգ, որը հեռարձակվել է Հունաստանի  պետական հեռուստատեսության  ET-3 ալիքով, իսկ ապրիլի 26-ին  ժամը 21:00-ին` քաղաքապետարանի  TV 100 ալիքով:

Կալամատա քաղաքի Ֆրանգոլիմնա հրապարակում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձանի մոտ տեղի ունեցավ ոգեկոչման արարողություն (հուշարձանի բացումը տեղի էր ունեցել 2019 թվականին):  

Նիկոսիայի Նարեկ վարժարանում տեղի ունեցավ արյան կամավոր նվիրատվություն  և ծաղիկների զետեղում զոհերի հիշատակին:

Իսպանիայում ՀՀ դեսպան Վլադիմիր Կարմիրշալյանն ու դեսպանության անձնակազմը Բասկերի երկրի Սան Սեբաստիան քաղաքում ծաղիկներ խոնարհեցին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված խաչքարի մոտ։ Միջոցառմանը ներկա էին նաև Իսպանիայի կոնգրեսի պատգամավոր Ջոն Ինյառիտուն, տեղի քաղաքական կուսակցությունների կուսակցությունների արտաքին կապերի պատասխանատուները և հայ համայնքի ներկայացուցիչներ, մի շարք լրատվամիջոցների լրագրողներ։

ՀՀ դեսպանության նախաձեռնությամբ ս․թ․ ապրիլի 24-ից Անդորրայի համալսարանում բացվել է կատալոնացի ֆոտոլրագրող Անդրեու Ֆերնանդեսի «Հայաստան․100 տարի անց» լուսանկարչական ցուցահանդեսը, որը ներկայացնում է հայ ժողովրդի կյանքը 20-րդ դարի առաջին ցեղասպանությունից 100 տարի անց։ Ցուցահանդեսը ներկայացված է լինելու մինչև ս․թ․ հունիսի 30-ը։ 

Ապրիլի 25
Ռումինիայում ՀՀ դեսպան Սերգեյ Մինասյանն ու դեսպանության ողջ անձնակազմը մասնակցեցին Բուխարեստի Միքայել և Գաբրիել Սուրբ Հրեշտակապետաց եկեղեցում տեղի ունեցած միջոցառմանը: Միջոցառմանը մասնակցում էին նաև Ռումինիայի հայերի միության նախագահ Վարուժան Ոսկանյանը, ռումինահայ համայնքի բազմաթիվ հավատացյալներ և հոգևոր դասի ներկայացուցիչներ։ Հայոց Ցեղասպանության 106-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ են տեղի ունեցել նաև Ռումինիայի հայաբնակ Բայա Մարե, Կլուժ-Նապոկա, Կոնստանցա, Պիտեշտ, Ռոման և այլ քաղաքներում:

Ապրիլի 25-ին Հռոմի Սուրբ Բարդուղիմեոս եկեղեցում տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցին նվիրված «Աղոթենք Հայոց ցեղասպանության նահատակների հետ» ոգեկոչման արարողությունը: Միջոցառմանը համատեղ ելույթով հանդես եկան Իտալիայում և Սուրբ Աթոռում ՀՀ դեսպաններ Ծովինար Համբարձումյանը և Կարեն Նազարյանը:

Ապրիլի 26
ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչության հովանու ներքո տեղի ունեցավ «Ճգնաժամային աջակցությունից մինչև հումանիտար բազմակողմանիություն․ Մերձավոր Արևելքում մարդասիրության ժառանգությունը ցեղասպանության դարաշրջանում» խորագրով առցանց քննարկում՝ նվիրված Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցին։ Քննարկմանը բացման խոսքով հանդես եկավ ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանը։ Քննարկմանը մասնակցում էին Նյու Յորքի Կոլումբիայի համալսարանի դասախոս Խաչիկ Մուրադյանը, Պաշտպանելու պատասխանատվության գլոբալ կենտրոնի գործադիր տնօրենի տեղակալ Սավիտա Պոնդեյը, Յոհանեսբուրգի Հոլոքոստի և ցեղասպանության կենտրոնի գործադիր տնօրեն Թալի Նեյթսը, Օքսֆորդի համալասարանի Բլավատնիկի կառավարման դպրոցի ավագ գիտահետազոտող Հյուգո Սլիմը և «Ժողովրդավարություն արաբական աշխարհի համար հիմա» կազմակերպության գործադիր տնօրեն, Սառա Լի Ուիթսոնը:

Ապրիլի 30
Իրաքում ՀՀ դեսպան Հրաչյա Փոլադյանը և Էրբիլում ՀՀ գլխավոր հյուպատոս Արշակ Մանուկյանը Իրաքյան Քուրդիստանի Տրանսպորտի և հաղորդակցության նախարար Անո Ջաուհար Աբդուլմասիհ Աբդոկայի և Կրոնական հաստատությունների նախարար Փշտիվան Սադք Աբդալլահի հետ միասին մասնակցեցին Էրբիլի հայկական Սուրբ Խաչ եկեղեցում տեղի ունեցած ժամերգությանը և Հայոց ցեղասպանության 106րդ տարելիցին նվիրված միջոցառմանը։

 

Տպել էջը