ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանի հեռախոսազրույցը ՄԱԿ Գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ

10 մայիսի, 2021

Մայիսի 10-ին ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը հեռախոսազրույց ունեցավ ՄԱԿ Գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ:

Զրուցակիցները բարձր գնահատեցին ՄԱԿ-ի տարբեր մասնագիտացված կառույցների և Հայաստանի միջև հաստատված արդյունավետ փոխգործակցությունը: 

Զրույցի առանցքային թեմաներից էր ԼՂ հակամարտության գոտում վերջին զարգացումների հետևանքով Արցախում ստեղծված հումանիտար և սոցիալ-տնտեսական իրադրությունը մեղմելու ուղղությամբ քայլերի ձեռնարկումը: Ներկայացնելով Արցախի դեմ ադրբեջանական ագրեսիայի ընթացքում և դրան հաջորդած շրջանում ՄԱԿ համապատասխան մասնագիտացված կառույցների հետ Հայաստանի իրականացրած աշխատանքները՝ անխափան հումանիտար մուտքն Արցախ ապահովելու ուղղությամբ, նախարարի պաշտոնակատարն ընդգծեց, որ Ադրբեջանը շարունակում է հումանիտար աջակցության հասանելիության հարցը քաղաքականացնելու և միջազգային հանրության ջանքերը խաթարելու իր գործելաոճը: 

Անհապաղ լուծում պահանջող հումանիտար հարցերի համատեքստում ԱԳ նախարարի պաշտոնակատար Այվազյանն ընդգծեց Ադրբեջանի պատանդառության ներքո գտնվող հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց հայրենադարձման հրատապությունը: 

Նախարարի պաշտոնակատար Այվազյանը և ՄԱԿ Գլխավոր քարտուղար Գուտերեշն անդրադարձան նաև ԼՂ համակարտության գոտում պատմամշակութային և կրոնական ժառանգության պաշտպանության ու պահպանության և այդ ուղղությամբ միջազգային գործուն մեխանիզմների ներդրման անհրաժեշտությանը: ԱԳ նախարարի պաշտոնակատարն անընդունելի համարեց վտանգված մշակութային վայրեր միջազգային փորձագիտական առաքելության իրականացումն արգելափակելու ադրբեջանական կողմի վարքագիծը: 

Հեռախոսազրույցի ընթացքում նախարարի պաշտոնակատար Այվազյանը կարևորեց ԼՂ խաղաղ գործընթացի վերականգնումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում: Այս համատեքստում Արա Այվազյանն ընդգծեց նաև համանախագահության դերը պատերազմի հետևանքների հասցեագրման գործում:

 

Տպել էջը