ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանի հեռախոսազրույցը ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով տեղակալի պաշտոնակատար Ֆիլիպ Ռիքերի հետ
13 մայիսի, 2021Մայիսի 13-ին ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը հեռախոսազրույց ունեցավ ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով տեղակալի պաշտոնակատար Ֆիլիպ Ռիքերի հետ:
Հեռախոսազրույցի առանցքում տարածաշրջանային անվտանգության և կայունության հարցերի քննարկումն էր: Նախարարի պաշտոնակատար Այվազյանն իր զրուցակցին հանգամանորեն ներկայացրեց Հայաստանի ինքնիշխան տարածքում ադրբեջանական զինված ստորաբաժանումների կողմից իրականացված սադրիչ գործողությունները և դրանց հետևանքով ստեղծված իրադրությունը: Արա Այվազյանն ընդգծեց Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ ուղղված Ադրբեջանի սադրիչ գործողությունների անընդունելիությունը և անթույլատրելիությունը:
Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նշեց, որ միջազգային հանրության կողմից Հայաստանի ինքնիշխանության նկատմամբ նմանօրինակ ոտնձգությունների նկատմամբ հանդուրժողականությունը հղի է տարածաշրջանի ապակայունացման սպառնալիքով: