Հայաստանի ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանի հեռախոսազրույցը Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Իվ Լը Դրիանի հետ
16 մայիսի, 2021Մայիսի 16-ին ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը հեռախոսազրույց ունեցավ Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Իվ Լը Դրիանի հետ։
Հեռախոսազրույցի առանցքային թեման Հայաստանի սահմանամերձ մարզերում ադրբեջանական զինված ուժերի հրահրմամբ ստեղծված իրադրությունն էր և լարվածության նվազեցման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը։ Այս առնչությամբ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը բարձր գնահատեց ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի ոտնձգությունների անթույլատրելիության վերաբերյալ Ֆրանսիայի սկզբունքային դիրքորոշումը:
Անդրադարձ կատարվեց Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը և այս ուղղությամբ կարևորվեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ակտիվ դերակատարությունը:
Երկուստեք ընդգծվեց տարածաշրջանային կայունության և անվտանգության ապահովմանն ուղղված միջոցների ձեռնարկման հրամայականը։