ԱԳ նախարարի պարտականությունները կատարող Արմեն Գրիգորյանի հանդիպումը Ուրուգվայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Ֆրանսիսկո Բուստիժոյի հետ
16 օգոստոսի, 2021Օգոստոսի 16-ին ՀՀ ԱԳ նախարարի պարտականությունները կատարող Արմեն Գրիգորյանը հանդիպեց Ուրուգվայի Հանրապետության արտաքին հարաբերությունների նախարար Ֆրանսիսկո Բուստիժոյի հետ:
Ողջունելով հյուրին՝ Արմեն Գրիգորյանը գոհունակությամբ ընդգծեց Ուրուգվայի հետ առկա բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունը՝ պատրաստակամություն հայտնելով քայլեր ձեռնարկել բարեկամական հարաբերությունների առավել ամրապնդման ուղղությամբ, այդ թվում՝ բարձրաստիճան փոխայցելությունների միջոցով։
Անդրադարձ կատարվեց հայ-ուրուգվայական համագործակցության երկկողմ և բազմակողմ օրակարգին։ Համագործակցության զարգացման համար որպես հեռանկարային ուղղություններ առանձնացվեցին բանկային գործի, առողջապահության, ենթակառուցվածքների և այլ ոլորտները: Այս համատեքստում կողմերն ընդգծեցին Մոնտեվիդեոյում և Երևանում ռեզիդենտ դիվանագիտական ներկայացուցչություններ հիմնելու կարևորությունը` առավել արդյունավետ փոխգործակցության համար պայմաններ ստեղծելու նպատակով:
Զրուցակիցները կարևորեցին նաև միջխորհրդարանական համագործակցությունը՝ ընդգծելով երկու երկրների խորհրդարաններում ավանդաբար գործող բարեկամական խմբերի կարևոր դերակատարությունը:
Հանդիպման ընթացքում կողմերը մտքեր փոխանակեցին Արցախի դեմ Ադբրեջանի սանձազերծած ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակի վերաբերյալ։ Արմեն Գրիգորյանը բարձր գնահատեց Ուրուգվայի խորհրդարանի կողմից ընդունված հայտարարությունները, որոնք դատապարտում էին Արցախի ժողովրդի դեմ զինյալ ահաբեկիչների ներգրավմամբ ադրեջանաթուրքական ագրեսիան և իրագործված պատերազմական հանցագործությունները։
Հայաստանի և Ուրուգվայի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները կարևորեցին բազմակողմ արդյունավետ համագործակցությունը՝ հիմնված ընդհանուր արժեքների և սկզբունքների վրա: Այս առումով կարևորվեց Եվրասիական տնտեսական միության և ՄԵՐԿՈՍՈՒՐ-ի միջև համագործակցության հեռանկարները, ինչը լավ հնարավորություններ կընձեռնի` ակտիվացնելու երկու երկրների միջև տնտեսական կապերը։
Կողմերն առանձնահատուկ շեշտեցին նաև ուրուգվայահայ համայնքի դերակատարումը հայ-ուրուգվայական բարեկամական հարաբերությունների ամրապնդման գործում։
Համագործակցության զարգացման և համատեղ ծրագրերի քանակի մեծացման համար ընդգծվեց իրավապայմանագրային դաշտի հետագա ընդլայնումը, որի ուղղությամբ նպատակային աշխատանքներ կտարվեն։
Հանդիպման ավարտին Արմեն Գրիգորյանն ու Ֆրանսիսկո Բուստիժոն հանդես եկան մամուլի համար համատեղ հայտարարությամբ։
Նույն օրը առավոտյան Ֆրանսիսկո Բուստիժոն Արմեն Գրիգորյանի ուղեկցությամբ այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր և հարգանքի տուրք մատուցեց Ցեղասպանության զոհերի հիշատակին: