Տեղի է ունեցել Հայաստանի և Իրանի ԱԳ նախարարների հեռախոսազրույցը
01 սեպտեմբերի, 2021Սեպտեմբերի 1-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի ԱԳ նորանշանակ նախարար Հոսսեյն Ամիր Աբդոլլահիանի հետ։ Արարատ Միրզոյանը և Հոսսեյն Ամիր Աբդոլլահիանը միմյանց շնորհավորել են իրենց երկրների ԱԳ նախարարի պաշտոնները ստանձնելու կապակցությամբ, և հույս հայտնել, որ միասնական ջանքերով առավել կզարգացնեն դարավոր բարիդրացիական կապերի վրա հիմնված hայ-իրանական համընդգրկուն հարաբերությունները։
Կողմերը հանգամանալից անդրադարձ են կատարել երկկողմ և բազմակողմ հարթակներում երկու երկրների միջև հաստատված արդյունավետ համագործակցությանը։ Առանձնակիորեն ընդգծվել են տնտեսական ոլորտում փոխգործակցության ընդլայնման հեռանկարները: Այս առումով շեշտվել է Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության միջկառավարական համատեղ հանձնաժողովի դերը։
Հայաստանի և Իրանի արտգործնախարարներն ընդգծել են նաև «Պարսից ծոց – Սև ծով» միջազգային տրանսպորտային միջանցք ստեղծելու մասին բազմակողմ hամաձայնագրի ստորագրման և արդյունավետ կիրարկման կարևորությունը։
Զրուցակիցները մտքեր են փոխանակել տարածաշրջանային և միջազգային անվտանգության հարցերի շուրջ։
Արարատ Միրզոյանն իր գործընկերոջ ուշադրությունն է հրավիրել ադրբեջանական զինված ուժերի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածք ապօրինի ներխուժման արդյունքում ստեղծված իրավիճակին՝ ընդգծելով նմանօրինակ գործելաոճի անթույլատրելիությունը, ինչը լուրջ սպառնալիք է տարածաշրջանային կայունությանը: