ՀՀ-ում Ֆրանսիայի նորանշանակ դեսպան Անն Լույոն հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին
29 սեպտեմբերի, 2021Սեպտեմբերի 29-ին ՀՀ-ում Ֆրանսիայի նորանշանակ դեսպան Անն Լույոն հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին։
Արարատ Միրզոյանը վստահություն է հայտնել, որ Անն Լույոն կնպաստի Հայաստանի և Ֆրանսիայի միջև համագործակցության խորացմանն ու ամրապնդմանը բոլոր ոլորտներում։
ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նշել է, որ Հայաստանը մեծապես կարևորում է Ֆրանսիայի հետ առկա առանձնաշնորհյալ հարաբերությունների հետագա զարգացումը։ Այս համատեքստում, զրուցակիցները առաջնահերթորեն քննարկել են տնտեսական ոլորտում հայ-ֆրանսիական համագործակցության խթանման ու ընդլայնման նպատակով կոնկրետ ծրագրերի իրականացումը, ինչպես նաև կրթական ու մշակութային բնագավառներում կապերի ամրապնդման հետագա հեռանկարները:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Արցախի դեմ ադրբեջանաթուրքական ագրեսիայի, ինչպես նաև Հայաստանի ինքնիշխան տարածք ադրբեջանական զորքերի ներթափանցման հետևանքով ստեղծված իրավիճակին։
Նախարար Միրզոյանը բարձր է գնահատել Ֆրանսիայի, երկրի խորհրդարանի և անձամբ՝ նախագահ Մակրոնի մեծ ուշադրությունը հայ ռազմագերիների ու քաղաքացիական պատանդների վերադարձի, ադրբեջանական վերահսկողության ներքո անցած Արցախի տարածքներում պատմամշակութային ժառանգության պաշտպանության հարցերին:
Երկուստեք ընդգծվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում խաղաղ բանակցությունների վերսկսման կարևորությունը՝ հակամարտության համապարփակ կարգավորման և տարածաշրջանում կայունության ու անվտանգության հաստատման նպատակով։