ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հանդիպումը Լեհաստանի ԱԳ նախարար Զբիգնև Ռաուի հետ
03 դեկտեմբերի, 2021Դեկտեմբերի 2-ին ԵԱՀԿ նախարարական համաժողովի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Լեհաստանի ԱԳ նախարար Զբիգնև Ռաուի հետ։
ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանը և Զբիգնև Ռաուն քննարկել են երկկողմ և բազմակողմ հարաբերությունների օրակարգի մի շարք հարցեր և պատրաստակամություն հայտնել գործնական քայլեր ձեռնարկել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցության ամրապնդման համար։
Անդրադառնալով տարածաշրջանային անվտանգության և կայունության հարցերին՝ Արարատ Միրզոյանն իր գործընկերոջն է ներկայացրել Ադրբեջանի կողմից Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածք ներթափանցման և վերջերս իրականացված ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը։
ՀՀ ԱԳ նախարարն ընդգծել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատի ներքո Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի լիարժեք վերականգման անհրաժեշտությունը։ Զրուցակիցները անդրադարձել են հրատապ լուծում պահանջող հարցերին, հատկապես հայ ռազմագերիների, պատանդների և այլ պահվող անձանց հայրենադարձմանը։
Արարատ Միրզոյանը նաև շնորհավորել է Լեհաստանին ԵԱՀԿ գալիք նախագահության ստանձնման կապակցությամբ և վստահություն հայտնել, որ Լեհաստանն իր նախագահության ընթացքում կձեռնարկի համապատասխան միջոցներ ԵԱՀԿ պատասխանատվության գոտում խաղաղության ու անվտանգության ապահովման ուղղությամբ: