ՀՀ ԱԳ նախարարի և Ֆրանկոֆոնիայի գլխավոր քարտուղարի հանդիպումը
09 դեկտեմբերի, 2021Դեկտեմբերի 9-ին աշխատանքային այցով Փարիզում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Ֆրանկոֆոնիայի գլխավոր քարտուղար Լուիզ Մուշիկիվաբոյի հետ։
Զրուցակիցները քննարկել են Հայաստանի՝ Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի նախագահության շրջանակներում նախաձեռնությունների իրականացման ընթացքը։
Արարատ Միրզոյանը և Լուիզ Մուշիկիվաբոն անդրադարձ են կատարել Հայաստան-Ֆրանկոֆոնիա համագործակցության ամրապնդման հեռանկարներին՝ մասնավորապես տնտեսության և երիտասարդության ոլորտներում ծրագրերի իրականացման միջոցով։
ՀՀ ԱԳ նախարարն ընդգծել է, որ Հայաստանն աջակցում է Ֆրանկոֆոնիայի գլխավոր քարտուղար Լուիզ Մուշիկիվաբոյի առաջարկած՝ Կազմակերպության բարեփոխումների օրակարգին։
Ֆրանկոֆոնիայի գլխավոր քարտուղարը ՀՀ ԱԳ նախարարին է ներկայացրել ս․թ․ հունիսին Հայաստանում անցկացված արտահերթ խորհրդարանական ընտրությունների ժամանակ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության կողմից իրականացված դիտորդական առաքելության ամփոփիչ զեկույցը։
Արարատ Միրզոյանը և Լուիզ Մուշիկիվաբոն մտքեր են փոխանակել նաև Թունիսում 2022 թվականին նախատեսված Ֆրանկոֆոնիայի 18-րդ գագաթնաժողովին ընդառաջ Կազմակերպության նախապատրաստական աշխատանքներին վերաբերող հարցերի շուրջ։
Հանդիպման ընթացքում նախարար Միրզոյանն իր գործընկերոջն է ներկայացրել նաև տարածաշրջանային կայունությանը և անվտանգությանն առչնվող մի շարք հարցեր։