ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ընդունել է ՍԾՏՀԿ գլխավոր քարտուղար հետ Լազար Կոմանեսկուին
23 փետրվարի, 2022Փետրվարի 23-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության (ՍԾՏՀԿ) գլխավոր քարտուղար Լազար Կոմանեսկուին։
Զրուցակիցները նշել են, որ այս տարի նշվելու է ՍԾՏՀԿ ստեղծման 30֊ամյակը և կարևորել կազմակերպության հետագա զարգացումը։
Արտգործնախարար Արարատ Միրզոյանն առանձնահատուկ կարևորել է ՍԾՏՀԿ-ի հետ ոլորտային համագործակցության ընդլայնումը՝ ընդգծելով, որ այն կնպաստի ՀՀ կառավարության՝ տարածաշրջանային տնտեսական ներառական համագործակցության միջոցով երկրում կայուն տնտեսական աճի ապահովմանն ուղղված ծրագրերի իրականացմանը:
Գլխավոր քարտուղար Կոմանեսկուն բարձր է գնահատել Հայաստանի ակտիվ գործունեությունը և ներդրումը ՍԾՏՀԿ զարգացման գործում:
Կողմերը շեշտել են կազմակերպության շրջանակներում տարածաշրջանային համակարգված գործողությունների իրականացման կարևորությունը՝ ուղղված փոխշահավետ տնտեսական համագործակցության, նորարարական և կայուն զարգացման, բարձր մրցունակության խթանման համար նպաստավոր միջավայրի ձևավորմանը։
Նախարար Միրզոյանը համոզմունք է հայտնել, որ ՍԾՏՀԿ-ի հիմնական նպատակների արդյունավետ իրագործումը, որոնց հիմքում ընկած են ապաքաղաքականացված, ներառական տարածաշրջանային տնտեսական համագործակցությունն ու առևտրի դյուրացումը, շրջափակման և փակ սահմանների քաղաքականության անթույլատրելիությունը, կարևոր նշանակություն ունեն տարածաշրջանային կայունության և խաղաղության համար։