ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է Եվրոպայում և Եվրոպական Միությունում Կանադայի հատուկ բանագնաց Ստեֆան Դիոնին
25 փետրվարի, 2022Փետրվարի 25-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է Եվրոպայում և Եվրոպական Միությունում Կանադայի հատուկ բանագնաց Ստեֆան Դիոնին։
Զրուցակիցները գոհունակություն են հայտնել հայ և կանադացի ժողովուրդների միջև ամուր բարեկամության վրա հիմնված հարաբերությունների բարձր մակարդակի առնչությամբ՝ պատրաստակամություն հայտնելով գործնական քայլեր ձեռնարկելու՝ երկու երկրների միջև բազմաոլորտ համագործակցությունը որակական նոր մակարդակի բարձրացնելու ուղղությամբ։
ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն իր զրուցակցին ներկայացրել է Կառավարության կողմից իրականացվող բարեփոխումների օրակարգը՝ ուղղված ժողովրդավարության, օրենքի գերակայության և մարդու իրավունքների պաշտպանության ամրապնդմանը։
Ստեֆան Դիոնը նշել է, որ Հայաստանը շարժվում է ժողովրդավարական բարեփոխումների կարևոր ուղիով և ընդգծել, որ իր առաքելության հիմնական նպատակը Կանադայի կողմից Հայաստանի ժողովրդավարական գործընթացին աջակցությունն է:
Արարատ Միրզոյանը կարևորել է դատական համակարգի արդիականացման, հանրային ծառայությունների թվայնացման և արդյունավետ կառավարման և մի շարք այլ ոլորտներում կանադական կողմի հետ փորձի փոխանակումը, և համոզմունք հայտնել, որ այս փոխգործակցությունը ճանապարհ կհարթի երկու երկրների միջև համագործակցության ամրապնդման համար։ Քննարկվել է նաև ՀՀ խորհրդարանի կարողությունների զարգացման և քաղաքացիական հասարակությանն աջակցելու հնարավորությունները։
Զրուցակիցները նշել են Կանադայում հայկական համայնքի կարևոր դերը հայ-կանադական հարաբերությունների շարունակական ամրապնդման գործում։
Անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային օրակարգի մի քանի հարցեր: Նախարար Միրզոյանը ներկայացրել է Հայաստանի շուրջ ստեղծված անվտանգային մարտահրավերները։