ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հանդիպումը Կարմիր խաչի միջազգային կոմիտեի նախագահ Պիտեր Մաուրերի հետ
01 մարտի, 2022Մարտի 1-ին Ժնևում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) նախագահ Պիտեր Մաուրերի հետ:
Անդրադառնալով ԿԽՄԿ գործունեությանը` որպես ոչ քաղաքական և մարդասիրական կառույցի` ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդգծել է կազմակերպության գործունեության կարևորությունը՝ ուղղված Արցախում հումանիտար հարցերի կարգավորմանը:
Այս համատեքստում Արարատ Միրզոյանը Պիտեր Մաուրերի ուշադրությունն է հրավիրել Ադրբեջանում պահվող 38 հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց հայրենադարձման հրատապությանը, ինչպես նաև բռնի անհետացման դեպքերի և անհետ կորած անձանց ճակատագրերի բացահայտմանը:
Նախարար Միրզոյանը շեշտել է միջազգային կառույցների՝ Լեռնային Ղարաբաղ անխափան մուտքն ապահովելու և վերջիններիս տեղում ակտիվ ներգրավվածության անհրաժեշտությունը:
Զրուցակիցները պայմանավորվել են շարունակելու՝ համագործակցությունը հումանիտար հարցերի կարգավորման նպատակով։