Դեսպան Ներսեսյանն իր հավատարմագրերն է հանձնել Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության թագուհուն

08 մարտի, 2022

Մարտի 8-ին, Բուքինգհեմյան պալատում, Միացյալ Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վարուժան Ներսեսյանն իր հավատարմագրերը հանձնեց Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության թագուհի, Նորին Մեծություն Եղիսաբեթ Երկրորդին:

Հանդիպմանը դեսպանը շնորհավորեց թագուհուն գահակալման «պլատինե» հոբելյանի կապակցությամբ՝ մաղթելով քաջառողջություն և հաջողություններ: Դեսպանն ընդգծեց իր հանձնառությունը հայ-բրիտանական հարաբերությունների հետագա զարգացմանն ու ընդլայնմանը:

Հավատարմագրերի հանձնման արարողությանը հաջորդեց ՀՀ դեսպանության կողմից կազմակերպված ընդունելությունը, որին ներկա էին ՄԹ արարողակարգի ղեկավար Մարշալ Ալիսթր Հարիսոնը, Ֆորին Օֆիսի պաշտոնյաներ, ՄԹ-ում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներ, բրիտանացի խորհրդարանականներ, հոգևորականներ և հայ համայնքի ներկայացուցիչներ:


Ալիսթր Հարսոնն իր ողջույնի խոսքում շնորհավորեց դեսպանին հավատարմագրերը հանձնելու կապակցությամբ՝ մաղթելով հաջողություններ հետագա գործունեության մեջ:


Դեսպան Ներսեսյանն իր ելույթում նշեց, որ այս տարին ՀՀ և ՄԹ համար խորհրդանշական տարի է, քանզի վերջիններս տոնում են դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյա հոբելյանը, ինչը կարևոր հանգրվան է հայ-բրիտանական երկկողմ հարաբերություններին նոր խթան հաղորդելու և համագործակցության հեռանկարային ոլորտներ ուրվագծելու համար: Այնուհետև դեսպանը հակիրճ ներկայացրեց երեք տասնամյակների ընթացքում երկկողմ փոխգործակցության ձեռքբերումներն ու ապագա անելիքները, Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումների ընթացքը՝ բարձր գնահատելով ՄԹ կառավարության աջակցությունն այդ գործընթացներին:

Տպել էջը