ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի ՌԴ համանախագահ Իգոր Խովաևի հետ
28 մարտի, 2022Մարտի 28-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ՌԴ համանախագահ Իգոր Խովաևին:
Կողմերը քննարկել են Լեռնային Ղարաբաղի շփման գծի խախտման և Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում՝ Փառուխ գյուղի հատվածում, մարտի 24-ին մեկնարկած ադրբեջանական ներխուժման հետևանքով ստեղծված իրավիճակը։ Անդրադարձ է կատարվել Արցախում հումանիտար ճգնաժամ ստեղծելու, քաղաքացիական բնակչությանը թիրախավորելու և էթնիկ զտմանն ուղղված ադրբեջանական կողմի այլ գործողություններին։ Ընդգծվել է ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումների՝ մարտի 23-ի ելման դիրքեր վերադարձի անհրաժեշտությունը։
Նախարար Միրզոյանը ներկայացրել է հայկական կողմի դիրքորոշումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում խաղաղության պայմանագրի շուրջ Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցություններ սկսելու վերաբերյալ: Վերահաստատվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության լիարժեք աշխատանքների կարևորությունը։