ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հանդիպումը
29 մարտի, 2022Մարտի 29-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ։
Զրուցակիցները գոհունակություն են հայտնել հայ-վրացական արդյունավետ համագործակցության կապակցությամբ՝ ընդգծելով, որ բարձր մակարդակի հանդիպումների պարբերական անցկացումը դրական դինամիկա է հաղորդում երկու երկրների միջև փոխգործակցության հետագա խորացմանը։
Արարատ Միրզոյանը համոզմունք է հայտնել, որ երկու երկրների միջև փոխվստահության ու շարունակական երկխոսության ամրապնդումը կնպաստի տարածաշրջանային անվտանգությանն ու կայունությանը։ Նա նաև նշել է, որ Վրաստանի հետ բարիդրացիական հարաբերությունների հետագա զարգացումը Հայաստանի համար ռազմավարական նշանակություն ունի, որն արտահայտված է նաև Հայաստանի կառավարության 2021-2026թթ. գործողությունների ծրագրում։
Հանդիպման ընթացքում կարևորվել է տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի աշխատանքների շարունակականությունը:
ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նաև ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի Փառուխ գյուղ Ադրբեջանի զինված ուժերի ներխուժման հետևանքով ստեղծված իրադրությունը։ Շեշտվել է լարվածության թուլացման ուղղությամբ քայլերի ձեռնարկումը։
Զրուցակիցները նաև անդրադարձել են տարածաշրջանային և միջազգային այլ խնդիրների՝ կարևորելով կայունության ու խաղաղության հաստատման անհրաժեշտությունը։