Արտերկրում Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցին նվիրված միջոցառումների վերաբերյալ (թարմացվող)

25 ապրիլի, 2022

Ապրիլի 30

Ֆրանսիայում Հայոց ցեղասպանության ոգեկոչման միջոցառումների շրջանակում Ֆրանսիայում Հայաստանի դեսպանությունը մասնակցեց փարիզամերձ Կլամար (Clamart) քաղաքում Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցին նվիրված արարողությանը։

 

Ապրիլի 28

Տրանսիլվանիայի Կլուժ-Նապոկա քաղաքում Ռումինահայոց միության Կլուժի մասնաճյուղի նախաձեռնությամբ, Տրանսիլվանիայի ազգագրագիտության թանգարանի, Կլուժի համալսարանի հայագիտության ինստիտուտի և Կլուժի նահանգային խորհրդի համագործակցությամբ տեղի ունեցավ «Երբեք չենք մոռանա» խորագրով միջոցառումը՝ նվիրված Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցին:

Ներկաներին տեսաուղերձով դիմեց Ռումինիա'յում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Մինասյանը:

Ելույթներով հանդես եկան Կլուժի համալսարանի հայագիտության ինստիտուտի տնօրեն Թուդոր Սըլըջեանը և Կլուժի նահանգային խորհրդի փոխնախագահ Իշտվան Վակարը։ Այնուհետ համայնքի երիտասարդ անդամներից Տանիա Վարդուկան ամփոփ անդրադարձ կատարեց Հայող ցեղասպանության անհերքելի փաստերին ու դրվագներին։ 

Հաջորդիվ տեղի ունեցավ «ԷԼՄԱՍ» ֆիլմի ցուցադրությունը (ռեժիսորներ Արմինե Ոսկանյան և Անդրեյ Քրիստիան Վլադեսկու), որից հետո ելույթ ունեցավ Գերլայի «Արմենոպոլիս» կամերային երգչախումբը (դիրիժոր Մոլնար Արփադ): 

Ավարտին Ռումինահայոց միության Կլուժի մասնաճյուղի նախագահ Կարեն Շեբեշին դիպլոմներ հանձնեց Կլուժի և Ռումինիայի մյուս նահանգների հայ համայնքներին տարիներ շարունակ աջակցություն ցուցաբերած անհատներին, ովքեր իրենց ներդրումն են ունեցել հայկական մշակույթի ու ավանդույթների պահպանման և տարածման գործում։

Միջոցառումը լայնորեն լուսաբանվեց տեղական ԶԼՄ-ների կողմից։

 

Ապրիլի 27

Ռումինիայում ՀՀ դեսպան Սերգեյ Մինասյանը մասնակցեց Ռումինիայի գրականության ազգային թանգարանում տեղի ունեցած՝ Ռումինիայի հայերի միության, Ռումինիայի գրողների միության և Ռումինական գրականության ազգային թանգարանի կողմից կազմակերպված «Հայոց ցեղասպանության արտացոլումը գրականության մեջ» խորագրով միջոցառմանը:

Աթենքի «Mikrokosmos Cinema» կինոթատրոնում ցուցադրվեց Վիգեն Չալդրանյանի «Վարդապետի Լռությունը» / «Alter Ego» ֆիլմը։ Միջոցառումը կազմակերպվել էր Հունաստանում ՀՀ դեսպանության կողմից` Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցի կապակցությամբ։ Միջոցառմանը ներկա էին Հունաստանում հավատարմագրված դիվանագետներ, հասարակական և քաղաքական գործիչներ, մտավորականներ, մշակութային գործիչներ, գիտնականներ, հայկական համայնքի ներկայացուցիչներ:

 

Ապրիլի 26

Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցի շրջանակներում դեսպանության հովանու ներքո Արգենտինական Հանրապետության պատգամավորների պալատում կայացավ նկարիչ Ալեխանդրո Ավագյանի «Հիշողության հետքերը» ցուցադրության բացման արարողությունը:

 

Ապրիլի 25

Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցի հիշատակի կապակցությամբ ս.թ. ապրիլի 25-ին Էրբիլում ՀՀ գլխ. հյուպատոսության կողմից կազմակերպվել էր «Ամերիկացի բարի սամարացիները» վավերագրական ֆիլմի ցուցադրությունը: Միջոցառմանը ներկա էին բարձրաստիճան հոգևորականներ, Իրաքի և Իրաքյան Քուրդիստանի ներկա ու նախկին պատգամավորներ, Իրաքյան Քուրդիստանի պետական, քաղաքական, կուսակցական և մշակութային գործիչներ, Էրբիլում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի անդամներ, քրիստոնեական, այդ թվում՝ հայ  համայնքի բազում ներկայացուցիչներ:

Միջոցառմանը ելույթներով հանդես են եկել գլխ․ հյուպատոս Արշակ Մանուկյանը և Իրաքյան Քուրդիստանի տրանսպորտի և հաղորդակցության նախարար Անո Ջաուհար Աբդոկան։

Միջոցառումը լուսաբանվել է Իրաքյան Քուրդիստանի առաջատար լրատվամիջոցների կողմից։

 

Ապրիլի 24

Հնդկաստանում ՀՀ դեսպանության նախաձեռնությամբ Հնդկաստանի միջազգային կենտրոնում տեղի է ունեցել «Հայոց ցեղասպանություն. Օսմանյան կայսրության մեղքը» (Armenian Genocide: The sin of the Ottoman Empire») գրքի շնորհանդեսը՝ նվիրված հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցին։ 

Բրյուսելի Սուրբ Մարիամ Մագդաղենացի եկեղեցում տեղի է ունենցել պատարագ Եղեռնի զոհերի հիշատակին:

Այնուհետև Բրյուսելի Անրի Միշո հրապարակում գտնվող խաչքար-հուշակոթողի մոտ  կայացել է ոգեկոչման և ծաղկեպսակների զետեղման արարողություն, որտեղ ելույթներով հանդես են եկել ՀՀ դեսպան Աննա Աղաջանյանը, Բելգիայի հայերի վեհաժողովի նախագահ Միշել Մամուրյանը:

Եվրոպայի խորհրդի կենտրոնակայանի հարևանությամբ գտնվող խաչքարի մոտ տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության անմեղ նահատակների հիշատակի արարողություն։ Միջոցառմանը ներկա էին ԵԽ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ, Արման Խաչատրյանը, ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ, ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանը, Ստրասբուրգի քաղաքապետ Ժանն Բարսեղյանը և ԵԽԽՎ-ում ՀՀ պատվիրակության անդամները։ 

Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցի կապակցությամբ Քուվեյթի Սրբոց Վարդանանց հայկական եկեղեցում մատուցվել է պատարագ՝ նվիրված Հայոց ցեղասպանության մեկ ու կես միլիոն սրբադասված նահատակների հիշատակին։ Պատարագին հաջորդած համայնքային երիտասարդական միության կողմից կազմակերպված միջոցառման ընթացքում ելույթ է ունեցել Քուվեյթում ՀՀ դեսպան Սարմեն Բաղդասարյանը: 

Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցի կապակցությամբ տեղի է ունեցել ծաղիկների զետեղման արարողություն՝ Նուր–Սուլթան քաղաքի Սուրբ Ուսպենյան տաճարի տարածքում տեղադրված հայկական խաչքարի դիմաց։

Կահիրեի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում ՀՀ դեսպան Հրաչյա Փոլադյանի ներկայությամբ տեղի է ունեցել Սուրբ Պատարագը։ Դեսպանության անունից Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված խաչքարի առջև տեղադրվել է ծաղկեպսակ։ Նույն օրը «Վեթոգեյթ» թերթում հրապարակվել է ՀՀ դեսպանի՝ «Հայոց Ցեղասպանության 107-րդ տարելիցը» վերնագրով հոդվածը:

ԱՄՆ-ում ՀՀ դեսպանատան տարածքում տեղի է ունեցել ոգեկոչման արարողություն՝ հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության 1,5 միլիոն անմեղ նահատակների հիշատակին։

Ճապոնիայում ՀՀ դեսպան Արեգ Հովհաննիսյանն ու դեսպանության անձնակազմն այցելել են Տոկիոյի Միջազգային Քրիստոնեական համալսարանի պուրակում տեղադրված Խաղաղության խաչքար և ծաղկեպսակ զետեղել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:

Վիեննայի Սուրբ Հռիփսիմե Հայ Առաքելական եկեղեցու հարևանությամբ գտնվող Հայկական հրապարակում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների հիշատակին նվիրված ոգեկոչման կարգ։ Սուրբ և Անմահ պատարագին հաջորդած միջոցառմանը ելույթով հանդես են եկել Ավստրիայում ՀՀ դեսպան Արմեն Պապիկյանը: Ներկա էին ավստրիացի հասարակական-քաղաքական գործիչներ, հայ համայնքի բազմաթիվ ներկայացուցիչներ։ Հավարտ ոգեկոչման միջոցառումների՝ դեսպան Պապիկյանը ծաղկեպսակներ զետեղեց եկեղեցու բակում տեղադրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողի մոտ։

Սլովակիայում ՀՀ դեսպան Արմեն Պապիկյանը, դեսպանության անձնակազմը, ՀՀ պատվավոր հյուպատոս Բագրատ Հակոբյանը ծաղկեպսակներ են զետեղել Բրատիսլավայում տեղադրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող խաչքար-հուշակոթողին։

Լվովի Սուրբ Աստվածածնի Վերափոխման եկեղեցու բակում տեղադրված Խաչքարի մոտ տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության զոհերին նվիրված Բարեխոսական կարգը, որին մասնակցել է Ուկրաինայում ՀՀ դեսպան Վլադիմիր Կարապետյանը: Զակարպատիեի մարզկենտրոն Ուժգորոդ քաղաքում տեղադրված ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին նվիրված Խաչքարի մոտ ևս տեղի է ունեցել հիշատակի արարողություն:

Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցի կապակցությամբ տեղի է ունեցել Մոսկվայի ՀԱԵ եկեղեցական համալիրի տարածքում կանգնեցված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողի դիմաց ծաղիկների զետեղման արարողությունը։ Արարողությանը մասնակցել են ՀԱԵ Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի առաջնորդ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը, ՀՀ տարբեր գերատեսչությունների լիազոր ներկայացուցիչները, հայ համայնքային կառույցների ներկայացուցիչներն ու բազմաթիվ մոսկվաբնակ հայեր։

Մոսկվայի ՀԱԵ Սուրբ Պայծառակերպություն տաճարում մատուցվել են Սուրբ Պատարագ, որի ավարտին կատարվեց Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների բարեխոսական կարգ։

Սանկտ Պետերբուրգում ս.թ. ապրիլի 24-ի առավոտյան Սբ. Կատարինե Հայ Առաքելական եկեղեցում մատուցվեց պատարագ ի հիշատակ Հայոց Ցեղասպանության սրբադասված նահատակներին, որից հետո եկեղեցու բակում երիտասարդական կազմակերպության ներկայացուցիչները մոմերով խաչ պատրաստեցին, որը կոչված էր հավերժացնելու ցեղասպանության զոհերի հիշատակը: 

Ֆրանկֆուրտի Սուրբ Պողոս եկեղեցում (Paulskirche) տեղի է ունեցել Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցին նվիրված հիշատակի արարողություն, որը կազմակերպվել էր Հայաստանյայց առաքելական եկեղեցու Գերմանիայի հայոց թեմի, Գերմանահայոց կենտրոնական խորհրդի և Գերմանիայում ՀՀ դեսպանության կողմից: Հիշատակի արարողությանը ելույթ էմ ունեցել նաև Գերմանիայում Հայաստանի դեսպան Վիկտոր Ենգիբարյանը: 

Հռոմի Սուրբ Նիկողայոս եկեղեցում Հայոց ցեղասպանության նահատակների հիշատակին մատուցվել է պատարագ, որը նախագահել է Սուրբ Աթոռի Արևելյան եկեղեցիների միաբանության նախագահ՝ կարդինալ Լեոնարդո Սանդրին։ Համատեղ ելույթով հանդես են եկել Իտալիայում և Սուրբ Աթոռում ՀՀ դեսպաններ Ծովինար Համբարձումյանը և Կարեն Նազարյանը: Միջոցառմանը ներկա էին Սուրբ Աթոռի Քրիստոնյա միասնության խթանման քահանայապետական խորհրդի, Արևելյան եկեղեցիների միաբանության ներկայացուցիչներ, օտարերկրյա դեսպաններ ու դիվանագետներ, hայ կաթողիկե քույրերը, հայ և Հռոմում քրիստոնյա մյուս համայնքների ներկայացուցիչներն ու հայ դիվանագետները։

Իտալիայում ՀՀ դեսպան Ծովինար Համբարձումյանը և Սուրբ Աթոռում ՀՀ դեսպան Կարեն Նազարյանը ծաղկեպսակ են զետեղել Հռոմի Ավգուստո Լորենցինիի անվան հրապարակում գտնվող Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող ՛՛Հայոց ցեղասպանության պուրակում՛՛։ 

Լիտվայում ՀՀ դեսպան Հովհաննես Իգիթյանը, Վիլնյուսում ՀՀ պատվավոր հյուպատոս Կարապետ Բաբայանը և Լիտվայի հայ համայնքի ներկայացուցիչները հարգանքի տուրք են մատուցել 1915թ. Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին և ծաղկեպսակ դրել Լիտվայի ցեղասպանության զոհերի հուշարձանի մոտ:

Թբիլիսիի Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցում տեղի է ունեցել բարեխոսական արարողություն` ի հիշատակ Հայոց ցեղասպանության սրբադասված զոհերի, որին ներկա էր Վրաստանում ՀՀ դեսպանության անձնակազմը` դեսպան Ռուբեն Սադոյանի գլխավորությամբ։ Արարողությունից հետո ծաղիկներ են խոնարհվել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված խաչքարի դիմաց։

Դեսպան Տիգրան Բալայանն այցելել է Նիդերլանդների Ամստերդամ, Ալմելո և Ասսեն քաղաքներ, որտեղ մասնակցել է Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցի հիշատակի միջոցառումներին։

Վարշավայի Հայկական պուրակում տեղադրված խաչքարի մոտ տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ոգեկոչման արարողություն։

Ժնևի Սուրբ Հակոբ Հայ Առաքելական եկեղեցում Շվեյցարիայում առաջնորդական տեղապահ Հոգեշնորհ Տ. Գուսան Վարդապետ Ալճանյանը Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների բարեխոսական կարգ է կատարել և հանդես է եկել օրվա խորհրդին նվիրված քարոզով։ Ծաղկեպսակներ են զետեղվել եկեղեցու հարևանությամբ գտնվող Հայոց ցեղասպանության զոհերի հուշարձանին: Ոգեկոչման միջոցառումները շարունակվել են Ժնևի Թրամբլեյ զբոսայգում գտնվող Հայոց ցեղասպանությանը նվիրված «Հիշատակի լապտերներ» հուշահամալիրի առջև։ Ելույթով հանդես են եկել Շվեյցարիայում Հայաստանի դեսպան Անդրանիկ Հովհաննիսյանը: Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցի կապակցությամբ ոգեկոչման միջոցառումներ են տեղի ունեցել նաև Շվեյցարիայի Ցյուրիխ, Օբերետնֆելդ և Բեռն քաղաքներում։

Չինաստանում ՀՀ դեսպանությունում անցկացվել է Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցին նվիրված հիշատակի միջոցառում։ Միջոցառմանը մասնակցեցին դեսպանության անձնակազմը, Պեկինի տարբեր համալսարանների հայ ուսանողներ, գործարարներ, Չինաստանում ժամանակավորապես բնակվող Հայաստանի քաղաքացիներ։ Դեսպանության ընդունելությունների սրահում ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին Հայոց ցեղասպանության զոհերի և 2020թ. 44-օրյա պատերազմում անմահացած հայորդիների հիշատակը, որից հետո մասնակիցներին ողջունեց և ելույթով  հանդես եկավ ՉԺՀ-ում ՀՀ դեսպան Սերգեյ Մանասարյանը։

Ռումինիայի Հարգիտա նահանգի Գեորգեն (պատմական հայաբնակ Ջուրջով) քաղաքում՝ 1733թ. կառուցված Սուրբ․ Մարիամ հայկական կաթոլիկ եկեղեցում, տեղի հունգարախոս հայ կաթոլիկ համայնքի ներկայացուցիչների կողմից անցկացվել է հիշատակի արարողություն՝ նվիրված Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցին։

Բուխարեստի Սրբոց Հրեշտակապետաց Միքայել և Գաբրիել առաջնորդանիստ տաճարում տեղի է ունեցել 1915թ․ Օսմանյան կայսրությունում զոոհված Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների բարեխոսական կարգ՝ հանդիսապետությամբ Ռումինիայի Հայոց թեմի առաջնորդ, Բուլղարիայի Հայոց թեմի առաջնորդական տեղապահ Տ․ Տաթև եպիսկոպոս Հակոբյանի, որից հետո ծաղկեպսակներ են զետեղվել տաճարի բակում գտնվող խաչքար-հուշակոթողի մոտ: 

Կանադայում ՀՀ դեսպանության առջև՝ «Անմահ Հայաստան» հուշարձանի մոտ, տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված ոգեկոչման արարողություն։

Նովոսիբիրսկում ՀՀ դեսպանության բաժանմունքի ղեկավար Արա Ավետիսյանը և անձնակազմը ծաղկեպսակ են դրել քաղաքի կենտրոնում գտնվող խաչքար-հուշարձանի մոտ՝ ի հիշատակ Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի։

Իսպանիայում ՀՀ դեսպան Սոս Ավետիսյանն ու դեսպանության դիվանագիտական անձնակազմը ներկա են գտնվել Իսպանիայում և Պորտուգալիայում Հայ Առաքելական եկեղեցու հոգևոր հովիվ Շնորհք աբղ. Սարգսյանի ձեռամբ Մադրիդում մատուցված Սուրբ պատարագին՝ նվիրված Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների հիշատակին։

Իսպանիայի Բուրգո դե Օսմա քաղաքում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցի ոգեկոչման արարողություն։ Դեսպան Սոս Ավետիսյանը և դեսպանության դիվանագիտական անձնակազմը ծաղիկներ են զետեղել Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների հիշատակը հավերժացնող խաչքար-հուշակոթողի մոտ։ 

Մինսկի հայ համայնքը հարգանքի տուրք է մատուցել Հայոց Մեծ Եղեռնի անմեղ զոհերի հիշատակին։

Կահիրեի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում ՀՀ դեսպան Հրաչյա Փոլադյանի ներկայությամբ տեղի է ունեցել Սուրբ Պատարագը։ Դեսպանության անունից Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված խաչքարի առջև տեղադրվել է ծաղկեպսակ։ Նույն օրը «Վեթոգեյթ» թերթում հրապարակվել է ՀՀ դեսպանի՝ «Հայոց Ցեղասպանության 107-րդ տարելիցը» վերնագրով հոդվածը:

 

Ապրիլի 23

Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Հասմիկ Տոլմաջյանի, Հայ Առաքելական Եկեղեցու Ֆրանսիայի թեմի առաջնորդ Տեր Գրիգոր վարդապետ Խաչատրյանի, Ֆրանսահայ կազմակերպությունների համակարգող խորհուրդի (CCAF), Ֆրանսիայում Արցախի ներկայացուցիչ Հովհաննես Գևորգյանի և Ֆրանսահայ նախկին ռազմիկների միության (ANACRA) ղեկավարների գլխավորությամբ, ինչպես նաև բազմաթիվ խորհրդարանականների, Փարիզի շրջանի քաղաքապետերի, Ֆրանսիայում հավատարմագրված օտարերկրյա դեսպանների և հարյուրավոր ֆրանսահայերի ու ֆրանսիացիների մասնակցությամբ տեղի է ունեցել հանդիսավոր երթ դեպի Փարիզի Հաղթանակի կամար, որին հաջորդել է ծաղկեպսակների զետեղման հանդիսավոր արարողություն՝ տասնյակ պետական հաստատությունների, պաշտոնյաների և հասարակական կազմակերպությունների անունից։ 

Ֆրանսիայի Կլիշի քաղաքի` Շառլ Ազնավուրի անունը կրող հրապարակում տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցին նվիրված հիշատակի միջոցառում, որը կազմակերպել էր Կլիշի քաղաքային խորհուրդը՝ Ֆրանսիայի համար մարտնչած զինվորների ասոցիացիայի հետ համատեղ։ Միջոցառմանը ներկա էին Կլիշի քաղաքապետ Ռեմի Մուզոն, Ֆրանսիայում ՀՀ դեսպանության դիվանագետներ, քաղաքային խորհրդի անդամներ, Ֆրանսիայի համար մարտնչած զինվորների ասոցիացիայի ևԿլիշի հայ համայնքի ներկայացուցիչներ։

Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը ոգեկոչող խաչքարի մոտ ծաղկեպսակների խոնարհման հանդիսավոր արարողությունից հետո հնչեցին Կոմիտաս վարդապետի «Չինարի», «Քելե՛, քելե՛» և «Գարուն ա» գործերի երաժշտական մշակումները՝ հայտնի ջութակահարներ Դավիթ Հարությունյանի և Ռաշել Ժիվըլեի կատարմամբ։

Միջոցառման ավարտին ելույթներով հանդես եկան Կլիշի քաղաքապետ Ռեմի Մուզոն և Ֆրանսիայում ՀՀ դեսպանության կցորդ Շիրազ Հովակիմյանը։

Վերսալի արքայական պալատում տեղի է ունեցել բացառիկ համերգ՝ նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։

Ֆրանսիայի Շարանտոն-լը-Պոն քաղաքի հայկական խաչքարի առջև տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցին նվիրված հանդիսավոր արարողություն՝ Վալ-դը-Մարն դեպարտամենտի ղեկավարության, բազմաթիվ քաղաքապետերի և Ֆրանսիայի Ազգային ժողովի ու Սենատի անդամների մասնակցությամբ։

Չեխիայի Յիհլավա քաղաքում՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված խաչքարի մոտ տեղի է ունեցել ծաղիկների զետեղում։

Չեխիայի Բռնո քաղաքի Փրկչի եկեղեցում կայացել է Հայոց ցեղասպանության Սրբոց Նահատակաց հիշատակման արարողություն։ 

Մոնրեալ քաղաքի Կանադայի հրապարակում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցին նվիրված հիշատակի միջոցառում, որին մասնակցել են Կանադայի Սենատի, Ներկայացուցիչների պալատի, Մոնրեալի քաղաքային խորհրդի անդամներ, հայ համայնքային կառույցներ և հոգևոր հայրեր։ Միջոցառման ավարտին ներկաները ծաղիկներ են զետեղել հայկական խաչքարի մոտ։

Վիլնյուսում կայացել է համերգ՝ նվիրված Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցին: Համերգին հրավիրված էին Լիտվայի քաղաքական գործիչներ, այդ թվում՝ պատգամավորներ, և հասարակական ու մշակութային ոլորտի ներկայացուցիչներ:

Շվեդիայի Սյոդերթելիե քաղաքի «Սարդարապատ» կենտրոնից մեկնարկել է ջահերով երթ դեպի Սյոդերթելիեի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցու բակում։ ՀՀ դեսպան Արզումանյանը, դեսպանության ողջ անձնակազմը եւ «Շվեդիայի հայկական միությունների համադրող կենտրոնի» ղեկավար կազմի մի շարք անդամներ ծաղկեպսակ են զետեղել շվեդ միսիոներուհի Ալմա Յոհանսոնի գերեզմանին։

Սան Պաուլոյի հայ առաքելական Սուրբ Գևորգ եկեղեցում սգո պատարագից հետո ծաղկեպսակներ են զետեղվել քաղաքում տեղակայված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձանի առջև:

Պրահայի հայկական խաչքարի մոտ կայացել է ծաղիկների զետեղում, ապա Հայոց ցեղասպանության Սրբոց Նահատակաց հիշատակման արարողություն Պրահայի Սուրբ Հոգի եկեղեցում: Միջոցառումներին հրավիրվել են չեխ պաշտոնյաներ, հասարակական-քաղաքական գործիչներ, դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ։

Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցի կապակցությամբ Իտալիայի Պովոլետտո քաղաքում տեղի է ունեցել «Հայերի ապրիլի 24-ը» («24 aprile degli Armeni») հրապարակի անվանակոչման արարողությունը՝ քաղաքապետ Ջուլիանո Կաստենետտոյի ներկայությամբ։ 

 

Ապրիլի 22

Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցի կապակցությամբ Փարիզի քաղաքապետարանի հանդիսությունների սրահում քաղաքապետ Անն Հիդալգոյի հրավերով տեղի է ունեցել ընդունելություն՝ բազմաթիվ խորհրդարանականների, Փարիզի քաղաքային խորհուրդի անդամների և հարյուրավոր ֆրանսահայերի մասնակցությամբ։  

Բաղդադի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ առաջնորդանիստ եկեղեցում ՀԱԵ Իրաքի Հայոց Թեմի առաջնորդ, գերաշնորհ Տ․ Ավագ արք․ Ասատուրեանի ձեռամբ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված մատուցվել է սուրբ պատարագ:

 

Ապրիլի 20

Բելգրադում՝ Զեմունի այգում տեղադրված հայկական խաչքարի մոտ տեղի է ունեցել ծաղկեպսակների զետեղման արարողություն:

 

Ապրիլի 19

Սերբիայի Վրնյաչկա Բանյա քաղաքում կայացել է Վրնյաչկա Բանյայում հայերի հաստատման հարյուրամյակին և Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ։ Տեղի է ունեցել Ալեքսանդր I Կարաջորջևիչ թագավորի հուշարձանին ծաղկեպսակների զետեղման արարողություն, որին հաջորդել է Բանյայում ապրող հայերի կյանքը պատկերող «Կյանքը լուսանկարների միջոցով» լուսանկարչական ցուցահանդեսի բացումը:

 

Ապրիլի 18

Հունաստանի Կալամատա քաղաքում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանը մասնակցել է Կալամատայի քաղաքապետարանի և քաղաքի Հայերի միության համագործակցությամբ կազմակերպված Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցին նվիրված միջոցառմանը։ Միջոցառման ավարտից հետո կայացել է ծաղկեպսակի զետեղման արարողություն Հայոց ցեղասպանությանը նվիրված հայկական խաչքարի մոտ:


Ապրիլի 17

Աթենքում Ատտիկայի նահանգապետարանը ՀՅԴ Հունաստանի Հայ Դատի հանձնախմբի հետ համագործակցությամբ կազմակերպել են Պատերազմի թանգարանում Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցի ոգեկոչման կենտրոնական քաղաքական միջոցառումը, որին ներկա էին Հունաստանի կառավարության բարձրաստիճան պաշտոնյաներ, խորհրդարանականներ, հայ և հույն հոգևոր դասի ներկայացուցիչներ, Հունաստանում հավատարմագրված դեսպաններ, դիվանագետներ, ասորական և պոնտական հասարակական կազմակերպությունների անդամներ, համայնքի կազմակերպությունների բազմաթիվ ներկայացուցիչներ:

 

Ապրիլի 16

Ֆրանսիայի Նիմ քաղաքի կենտրոնում տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հրապարակի և հայկական խաչքարի բացման հանդիսավոր արարողություն։ 

 

Աթենքի Նեա Զմիրնի թաղամասի «Զանգակ» հուշակոթողի մոտ տեղի է ունեցել ցեղասպանության զոհերի հիշատակին նվիված ոգեկոչման արարողություն։ Արարողությունը մեկնարկել է Հունահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Գեղամ արքեպիսկոպոս Խաչերեանի գլխավորությամբ Հայ առաքելական, կաթոլիկ և բողոքական եկեղեցիների հոգևոր դասի ներկայացուցիչների սրբոց բարեխոսական կարգի մատուցմամբ։ Ներկաները Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին հարգանքի տուրք են մատուցել: Հուշակոթողին ծաղկեպսակներ են զետեղել Հունաստանում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանը, Նեա Զմիրնիի քաղաքապետը:

 

Ապրիլի 13

Վրաստանի մետրոպոլիտենի «Ծերեթելի» կայարանի հարևանությամբ «Վրաստանի հայ համայնք» հասարակական կազմակերպության կողմից նախաձեռնվել է նկարների ցուցադրությունների շարք՝ «Հայոց Մեծ եղեռն և մշակութային ցեղասպանություն» խորագրով։

 

Մարտի 21

Թբիլիսիի տարբեր թաղամասերում Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցի միջոցառումների շրջանակում «Վրաստանի հայ համայնք» հասարակական կազմակերպության կողմից անցկացվել է նկարների ցուցադրությունների շարք՝ «Հայոց Մեծ եղեռն և մշակութային ցեղասպանություն» խորագրով։ 

Տպել էջը