ԱԳ նախարարի տեղակալի հանդիպումը Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի պատվիրակության հետ
03 մայիսի, 2022Մայիսի 3-ին ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն ընդունեց Ֆրանսիայի Սենատի՝ Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Ժիլբեր-Լյուկ Դըվինազի գլխավորած պատվիրակությանը:
Ողջունելով հյուրերին՝ նախարարի տեղակալը Ֆրանսիայի սենատորներին խորին երախտագիտություն հայտնեց հայ-ֆրանսիական բարեկամության օրակարգը հետևողականորեն առաջ մղելու գործում ունեցած մեծ ավանդի և վճռականության համար: Նա ընդգծեց Ֆրանսիայի Սենատի կարևոր դերը ԼՂ հակամարտության կարգավորման գործում՝ արժևորելով Սենատի կողմից Արցախի Հանրապետության ճանաչման անհրաժեշտության մասին բանաձևի ընդունումն ու բարձր գնահատեց բանաձևի ընդունմանը աջակցություն հայտնած Սենատի բոլոր քաղաքական ուժերի դերակատարությունը։
Կողմերը գոհունակություն հայտնեցին երկու երկրների միջև հաստատված խորհրդարանական երկխոսության բարձր մակարդակի առնչությամբ:
Կողմերը կարևորեցին 2021 թ․ դեկտեմբերի 9-ին ստորագրված «Հայ-ֆրանսիական տնտեսական համագործակցության 2021-2026 թթ․ ճանապարհային քարտեզի» դրույթների իրագործմանն ուղղված ակտիվ աշխատանքները։ Անդրադարձ կատարվեց այս տարի հունիսի 29-30 Լիոնում կայանալիք հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցության հերթական համաժողովի անցկացմանը։
Հանդիպմանը մտքեր փոխանակվեցին հարավկովկասյան տարածաշրջանում անվտանգության և խաղաղության հաստատման ուղղությամբ ձեռնարկվող քայլերի շուրջ: Հայկական կողմը ներկայացրեց տարածաշրջանում ստեղծված իրավիճակը և Հայաստանի դիրքորոշումը՝ խաղաղության ու կայունության հաստատմանն ուղղված գործընթացների վերաբերյալ։ Այս համատեքստում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալն ընդգծեց ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված Ֆրանսիայի միջնորդական ջանքերի կարևորությունը՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող պետություն։
Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի սանձազերծած 44-օրյա պատերազմի հետևանքով առաջացած հումանիտար խնդիրների համատեքստում կարևորվեց հայ ռազմագերիների, պատանդների և այլ պահվող անձանց հայրենադարձման անհրաժեշտությունը, ադրբեջանական վերահսկողության տակ անցած տարածքներում հայկական մշակութային և կրոնական ժառանգության պահպանումը։