Սիրիայի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ ԱԳ նախարարին
02 հունիսի, 2022Հունիսի 2-ին Հայաստանի Հանրապետությունում Սիրիայի Արաբական Հանրապետության նորանշանակ դեսպան Նորա Արիսյանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին։
Նախարար Միրզոյանը շնորհավորել է Նորա Արիսյանին և վստահություն հայտնել, որ նա իր դիվանագիտական գործունեությունը կծառայեցնի հայ-սիրիական հարաբերությունների շարունակական զարգացմանն ու փոխշահավետ համագործակցության ընդլայնմանը։
Զրուցակիցները մեծապես արժևորել են փոխադարձ համակրանքի և վստահության վրա հիմնված երկու ժողովուրդների ավանդական, բարեկամական կապերը։ Այս առումով ընդգծվել է սիրիահայ համայնքի ունեցած դերը:
Ընդգծելով, որ այս տարի լրանում է Հայաստանի ու Սիրիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը՝ կողմերը անդրադարձ են կատարել երկկողմ և բազմակողմ ձևաչափերում հայ-սիրիական համագործակցության ամրապնդման հեռանկարներին։