Բենինի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճենը հանձնեց ՀՀ ԱԳ նախարարի տեղակալին
29 հունիսի, 2022Հունիսի 29-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանն ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Բենինի Հանրապետության նորանշանակ դեսպան Ակամբի Անդրե Օկունլոլա-Բիաուին (նստավայրը՝ ք․ Մոսկվա)՝ հավատարմագրերի կրկնօրինակը հանձնելու կապակցությամբ։
Նախարարի տեղակալը շնորհավորեց դեսպան Օկունլոլա-Բիաուին պաշտոնը ստանձնելու առիթով` մաղթելով նրան արդյունավետ աշխատանք պատասխանատու գործունեության մեջ՝ ի նպաստ Հայաստանի և Բենինի միջև հարաբերությունների զարգացման և ամրապնդման։
Զրուցակիցները կարևորեցին փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք ոլորտներում համագործակցության ձևավորման և ընդլայնման ուղղությամբ քայլեր ձեռնարկելու անհրաժեշտությունը։ Երկուստեք բարձր գնահատվեց Հայաստանի և Բենինի միջև միջազգային տարբեր հարթակներում, այդ թվում՝ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության շրջանակներում ձևավորված փոխգործակցության դրական փորձը։