ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության մասին» կոնվենցիայի մասնակից պետությունների գլխավոր ասամբլեայի նիստին ՀՀ մշտական ներկայացուցիչը հանդես է եկել ելույթով
06 հուլիսի, 2022Հուլիսի 5-ին կայացած ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության մասին» կոնվենցիայի մասնակից պետությունների գլխավոր ասամբլեայի նիստի ընթացքում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Քրիստիան Տեր-Ստեփանյանը հանդես է եկել ելույթով։
Իր ելույթում ՀՀ մշտական ներկայացուցիչը գոհունակություն է հայտնել ՀՀ Սյունիքի մարզի բանահյուսական ժառանգության պահպահման նպատակով միջազգային աջակցության տրամադրման որոշման կապակցությամբ՝ ընդգծելով, որ Հայաստանը մեծապես կարևորում է հայոց հազարամյա պատմության հետքերը պահպանող այդ մարզի մշակութային ժառանգության պահպանումը։
Քրիստիան Տեր-Ստեփանյանը մտահոգություն է հայտնել 2020թ․ աշնանը Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի դեմ սանձազերծած ագրեսիայի հետևանքների առնչությամբ, որի արդյունքում Լեռնային Ղարաբաղի որոշ տարածքներ` այդ թվում Հադրութը և Շուշին, ենթարկվել են հայաթափման։
ՀՀ մշտական ներկայացուցիչը, մասնավորապես, ընդգծել է, որ բնակչության բռնի տեղահանման արդյունքում լուրջ վտանգ է սպառնում նաև նրանց մշակութային ժառանգությանը, որն անհնար է փոխանցել կամ ապահովել դրա կենսունակությունն ու պահպանումը։
Ամփոփելով ելույթը՝ ՀՀ մշտական ներկայացուցիչը վերահաստատել է, որ Լեռնային Ղարաբաղի հայ ժողովրդի ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանման խնդիրը շարունակում է մնալ Հայաստանի ուշադրության կենտրոնում։