Հայաստանի և Իսպանիայի ԱԳ նախարարների հանդիպումը
06 հուլիսի, 2022Հուլիսի 6-ին Մադրիդում աշխատանքային այցով գտնվող Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Իսպանիայի Թագավորության ԱԳ նախարար Խոսե Մանուել Ալբարես Բուենոյի հետ։
Շնորհավորելով միմյանց երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի կապակցությամբ՝ ԱԳ նախարարները գոհունակությամբ նշել են, որ անցյալ երեք տասնամյակների ընթացքում Հայաստանի և Իսպանիայի միջև ձևավորվել է արդյունավետ համագործակցություն՝ խարսխված ավանդական կապերի և ընդհանուր արժեքների վրա:
Զրուցակիցները կարևորել են երկու երկրների միջև քաղաքական երկխոսության ու բարձր մակարդակի փոխայցելությունների ակտիվացումը` երկուստեք պատրաստակամություն հայտնելով քայլեր ձեռնարկել փոխգործակցության խորացման ուղղությամբ:
Մտքեր են փոխանակվել առևտրատնտեսական, արդյունաբերության, տրանսպորտի և ենթակառուցվածքների, վերականգնվող էներգետիկայի, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներում փոխգործակցության ներուժի լիարժեք իրացման շուրջ: Կողմերը համակարծիք էին, որ բիզնես ֆորումների կազմակերպումը, գործարար շրջանակների միջև կապերի ընդլայնումը կխթանի երկկողմ համագործակցությունն այս ոլորտներում։
Հայաստանի ու Իսպանիայի միջև մարդկային շփումների ակտիվացման ու փոխճանաչման տեսանկյունից կարևորվել է նաև զբոսաշրջության ոլորտում կապերի ամրապնդումը։ Ընդգծվել է կրթական փոխանակումների և երկու երկրներում միմյանց լեզվի ու մշակույթի ուսումնասիրման հնարավորությունների ընդլայնումը։
Նախարար Միրզոյանը բարձր է գնահատել Իսպանիայի կառավարության՝ Հայաստանում մշտական ներկայացուցչություն բացելու որոշումը, համոզմունք հայտնելով, որ այն նոր լիցք կհաղորդի միջպետական հարաբերություններին:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել երկու երկրների համագործակցությանը բազմակողմ հարթակներում, ինչպես նաև ՀՀ-ԵՄ գործընկերության շրջանակներում:
Քննարկվել են նաև տարածաշրջանային անվտանգության և կայունության հարցերը: ՀՀ ԱԳ նախարարն իր իսպանացի գործընկերոջն է ներկայացրել իրավիճակը Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում և հայկական կողմի դիրքորոշումը՝ տարածաշրջանում խաղաղության ու կայունության հաստատմանն ուղղված գործընթացների, ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման շուրջ:
Արարատ Միրզոյանն ընդգծել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության միջնորդական դերը` Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացի առաջմղման և տևական լուծում գտնելու գործում: Նախարար Խոսե Մանուել Ալբարես Բուենոն նշել է, որ Իսպանիան աջակցում է խաղաղ բանակցությունների միջոցով ԼՂ հակամարտության համապարփակ կարգավորմանը։
Անդրադառնալով Արցախի դեմ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով առաջացած հումանիտար խնդիրներին՝ ՀՀ ԱԳ նախարարը շեշտել է, որ Ադրբեջանը՝ միջազգային մարդասիրական իրավունքի կոպիտ խախտմամբ շարունակում է պատանդառության մեջ պահել հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց, ինչպես նաև վարում է իր վերահսկողության տակ հայտնված տարածքներում համամարդկային արժեք հանդիսացող հայկական պատմամշակութային ժառանգության ինքնության խեղաթյուրման և ոչնչացման քաղաքականություն։
Զրուցակիցներն անդրադարձել են նաև Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացին։
Հանդիպման արդյունքներով Հայաստանի և Իսպանիայի ԱԳ նախարարները հանդես են եկել մամուլի համար հայտարարություններով: