Ալբանիայի դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալին
19 հուլիսի, 2022Հուլիսի 19-ին ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն ընդունեց Ալբանիայի նորանշանակ դեսպան Լուելա Հայդարագային (նստավայրը՝ Աթենք) հավատարմագրերի պատճենը հանձնելու կապակցությամբ:
Շնորհավորելով դեսպանին նշանակման առիթով՝ փոխարտգործնախարար Հովհաննիսյանը կարևորեց հայ-ալբանական հարաբերությունները և դրանք առավել զարգացնելու անհրաժեշտությունը։ Նա հաջողություն մաղթեց դեսպան Հայդարագային իր առաքելության մեջ՝ հույս հայտնելով, որ վերջինս իր ակտիվ գործունեությամբ նոր լիցք կհաղորդի երկկողմ փոխգործակցությանը:
Շնորհակալություն հայտնելով ընդունելության և բարեմաղթանքների համար՝ դեսպան Հայդարագան վստահեցրեց, որ առավելագույն ջանքերը կներդնի Հայաստանի և Ալբանիայի միջև համագործակցությունն ակտիվացնելու և խթանելու համար:
Զրուցակիցներն անդրադարձան քաղաքական երկխոսության, միջազգային կառույցներում փոխգործակցության, առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման, կրթամշակութային բնագավառներում համագործակցության, ինչպես նաև իրավապայմանագրային դաշտի ընդլայնմանն առնչվող հարցերին: