Հայաստանի ԱԳ նախարարը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի ԱԳ նախարարի հետ
14 սեպտեմբերի, 2022Սեպտեմբերի 13-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի ԱԳ նախարար Կատրին Կոլոննայի հետ։
Արարատ Միրզոյանն իր գործընկերոջն է ներկայացրել սեպտեմբերի 13-ի կեսգիշերին ադրբեջանական զինված ուժերի կողմից Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ մեկնարկած հերթական ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը։
Երկուստեք կարևորվել է Հայաստանի տարածքային ամբողջականության անվերապահ պահպանումը և հրադադարի ռեժիմի խիստ հարգումը:
Նախարար Միրզոյանն անընդունելի է համարել խաղաղ բնակչության և քաղաքացիական ենթակառուցվածքների թիրախավորմամբ ուղեկցվող Ադրբեջանի ռազմական գործողություններն ու առավելապաշտական նկրտումները։
ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն առանձնահատուկ ընդգծել է միջազգային հանրության՝ այդ թվում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի դերը, ադրբեջանական ագրեսիայի դատապարտման և հետևանքների վերացման համատեքստում։