ՀՀ ԱԳ նախարարի հեռախոսազրույցը ՄԹ Եվրոպայի հարցերով պետնախարարի հետ
15 սեպտեմբերի, 2022Սեպտեմբերի 15-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտաքին գործերի, համագործակցության և զարգացման նախարարության Եվրոպայի հարցերով պետնախարար Լեո Դոքերթիի հետ։
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն իր զրուցակցին է ներկայացրել Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ սանձազերծված լայնածավալ ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը: Առանձնահատուկ ընդգծվել է, որ Ադրբեջանը միտումնավոր թիրախավորում է խաղաղ բնակչությանը և քաղաքացիական ենթակառուցվածքները, որը միջազգային իրավունքի կոպտագույն խախտում է։
ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը շեշտել է կողմերի միջև հավասարության նշան դնող հայտարարությունների անընդունելիությունը և միջազգային հանրության, այդ թվում Միացյալ Թագավորության կողմից Ադրբեջանի ագրեսիայի հստակ, միանշանակ ու հասցեական դատապարտման կարևորությունը:
Նախարար Միրզոյանը հավելել է, որ Ադրբեջանն ուժի միջոցով իր առավելապաշտական նպատակներին հասնելու փորձերով տորպեդահարում է տարածաշրջանում կայունության և խաղաղություն հաստատելու հայկական կողմի ջանքերը: Նա ընդգծել է նաև ադրբեջանական զինված ուժերի՝ դեպի ելման դիրքեր վերադարձի հրամայականն ու Ադրբեջանի կողմից նոր ռազմական գործողություններ ձեռնարկելու բացառման անհրաժեշտությունը: