Վիետնամի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Հայաստանի ԱԳ նախարարի տեղակալին
15 սեպտեմբերի, 2022Սեպտեմբերի 15-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանն ընդունեց Վիետնամի Սոցիալիստական Հանրապետւթյան նորանշանակ դեսպան Դան Մին Կհոյին (նստավայրը՝ ք․Մոսկվա) հավատարմագրերի պատճենը հանձնելու կապակցությամբ։
Նախարարի տեղակալը, շնորհավորելով դեսպան Դանին առաքելությունը ստանձնելու կապակցությամբ, համոզմունք հայտնեց, որ դեսպանն իր նպաստը կբերի Հայաստանի և Վիետնամի միջև հարաբերությունների առավել ամրապնդմանն ու խորացմանը։
Կողմերը պատրաստակամություն հայտնեցին գործադրել բոլոր ջանքերը` երկկողմ համագործակցության առկա ներուժի լիարժեք իրացման ուղղությամբ, մասնավորապես` առևտրատնտեսական ու գործարար կապերի, զբոսաշրջության, գյուղատնտեսության և կրթության ոլորտներում։ Բարձր գնահատվեց Հայաստանի և Վիետնամի միջև միջազգային տարբեր հարթակներում, հատկապես՝ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունում ձևավորված համագործակցությունը։
Մնացական Սաֆարյանը անդրադարձավ նաև հայ-ադրբեջանական հակամարտության և Լեռնային Ղարաբաղի խնդրի շուրջ ստեղծված ներկա իրավիճակին։ Այդ համատեքստում նախարարի տեղակալն ընդգծեց Վիետնամի աջակցությունը միջազգային հարթակներում՝ Հայաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության դեմ ադրբեջանական ագրեսիան դատապարտելու հարցում: