Իսպանիայի դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալին

20 սեպտեմբերի, 2022

Սեպտեմբերի 20-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահե Գևորգյանն ընդունեց Իսպանիայի Թագավորության նորանշանակ դեսպան Մարկոս Գոմես Մարտինեսին (նստավայրը՝ ք․Մոսկվա) հավատարմագրերի պատճենը հանձնելու կապակցությամբ։

Նախարարի տեղակալը՝ շնորհավորելով դեսպանին առաքելությունը ստանձնելու կապակցությամբ՝ նրան մաղթեց բեղմնավոր աշխատանք և հաջողություններ իր պատասխանատու գործում:

Նախարարի տեղակալը գոհունակություն հայտնեց Հայաստանում Իսպանիայի դիվանագիտական գրասենյակի բացման կապակցությամբ՝ նշելով, որ դա կնպաստի երկու երկրների միջև երկկողմ հարաբերությունների զարգացմանը՝ նոր խթան հաղորդելով քաղաքական և տնտեսական համագործակցությանը, ինչպես նաև մարդկանց միջև շփումների ակտիվացմանը։

Հանդիպման շրջանակներում զրուցակիցները քննարկեցին երկկողմ համագործակցության հարցերի լայն շրջանակ՝ անդրադառնալով, մասնավորապես, տնտեսական համագործակցության հնարավորություններին և առկա նախագծերին։

Վահե Գևորգյանը ներկայացրեց ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի կողմից սանձազերծված ագրեսիայի մանրամասները՝ կարևորելով միջազգային հանրության հասցեական արձագանքը՝ ուղղված նաև ՀՀ ինքնիշխան տարածքից ադրբեջանական զինուժի դուրսբերմանը։

Տպել էջը