ՀՀ ԱԳ նախարարի հանդիպումը Միջազգային ճգնաժամային խմբի նախագահի հետ
21 սեպտեմբերի, 2022Սեպտեմբերի 21-ին, Նյու Յորքում տեղի է ունեցել ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հանդիպումը Միջազգային ճգնաժամային խմբի նախագահ Կոմֆորտ Էրոյի հետ:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել տարածաշրջանային և միջազգային անվտանգությանը վերաբերող մի շարք հարցերի: Արարատ Միրզոյանը ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման շուրջ հայկական կողմի դիրքորոշումը:
Նախարար Միրզոյանը զրուցակցի ուշադրությունն է հրավիրել նաև ադրբեջանական զինված ուժերի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ սանձազերծված վերջին ագրեսիային։ ՀՀ ԱԳ նախարարը նշել է, որ Ադրբեջանը փորձում է ուժի կիրառմամբ և ուժի կիրառման սպառնալիքով հասնել իր առավելապաշտական պահանջներին և նկրտումներին, ինչը տորպեդահարում է տարածաշրջանի կայունությունը և անվտանգությունը։ Ընդգծվել է միջազգային կազմակերպությունների կողմից անաչառ և հասցեական արձագանքի կարևորությունը։