Հայաստանի և Նորվեգիայի միջև հարաբերությունների վերաբերյալ հակիրճ տեղեկանք
17 հոկտեմբերի, 2022Հոկտեմբերի 18-ին պաշտոնական այցով Հայաստանում է գտնվելու Նորվեգիայի Թագավորության ԱԳ նախարար Աննիկեն Հյութֆիլդտը: Այցի շրջանակներում Նորվեգիայի ԱԳ նախարարը հանդիպումներ կունենա ՀՀ վարչապետի, ՀՀ ԱԺ նախագահի և ՀՀ ԱԳ նախարարի հետ: Այցը նպատակ ունի խթանելու համագործակցությունը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում, ուսումնասիրելու առկա ներուժի առավել արդյունավետ իրացման հնարավորությունները:
Նորվեգիան Հյուսիսային Եվրոպայում Հայաստանի կարևոր գործընկերներից է, և Հայաստանը շահագրգռված է ընդլայնելու և խորացնելու վերջինիս հետ հարաբերությունները ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերում։
Դիվանագիտական հարաբերություններ
Հայաստանի Հանրապետության և Նորվեգիայի Թագավորության միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1992թ. հունիսի 5-ին:
2021թ․ հոկտեմբերի 18-ին Հայաստանի Հանրապետությունում Նորվեգիայի Թագավորության նորանշանակ դեսպան Հելեն Սանդ Անդրեսենն (նստավայրը՝ Թբիլիսի) իր հավատարմագրերն է հանձնել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին։
2018թ. հոկտեմբերի 25-ին Նորվեգիայի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Ալեքսանդր Արզումանյանն (նստավայրը՝ Ստոկհոլմ) իր հավատարմագրերն է հանձնել Նորվեգիայի թագավոր Հարալդ Հինգերորդին:
2001թ. ապրիլին Թիմոթի Դեյվիդ Սթրեյթը նշանակվել է Հայաստանի Հանրապետությունում Նորվեգիայի Թագավորության պատվավոր հյուպատոս:
Երկկողմ հարաբերություններ
Երկու երկրների արտաքին գործերի գերատեսչությունների միջև պարբերաբար տեղի են ունենում քաղաքական խորհրդակցություններ, որոնցից վերջինը կայացել է 2022թ․ հունիսին Օսլոյում։
Նորվեգիան, հանդիսանալով Եվրոպայի խորհրդի կարևորագույն դոնորներից, ՀՀ-ԵԽ 2019-2022թ. Գործողությունների ծրագրի ամենամեծ երկկողմ կամավոր հատկացում կատարած երկիրն է։
Հայ-նորվեգական քաղաքական երկխոսությունում առկա է դրական դինամիկա: Բարձրաստիճան մակարդակով հանդիպումներից վերջինը տեղի է ունեցել 2022թ․ մայիսի 20-ին Թուրինում` ԵԽ 132-րդ նախարարական նստաշրջանի շրջանակներում` Հայաստանի և Նորվեգիայի արտաքին գործերի նախարարների մակարդակով:
2022թ․ առաջին կիսամյակում Հայաստանի և Նորվեգիայի միջև առևտրաշրջանառությունը կազմել է շուրջ 16 մլն ԱՄՆ դոլար։ Իսկ 2021թ.-ին երկկողմ առևտրաշրջանառությունը կազմել է 2.7 մլն ԱՄՆ դոլար:
Դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր Հայաստանի և Նորվեգիայի միջև ստորագրվել է 5 փաստաթուղթ: