ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Սուրբ Աթոռի պետական քարտուղար Պիետրո Պառոլինի հետ
25 հոկտեմբերի, 2022Հոկտեմբերի 25-ին պաշտոնական այցով Վատիկանում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Սուրբ Աթոռի պետական քարտուղար Պիետրո Պառոլինի հետ:
Ընդգծելով, որ այցը տեղի է ունենում Հայաստանի և Սուրբ Աթոռի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-րդ հոբելյանական տարում՝ զրուցակիցները գոհունակությամբ արձանագրել են, որ քրիստոնեական արժեքների, պատմական և մշակութային կապերի վրա հիմնված երկկողմ կապերը դինամիկ կերպով զարգանում են: Այս համատեքստում նախարար Միրզոյանը կարևորել է Պիետրո Պառոլինի՝ երկկողմ հարաբերությունների զարգացման գործում ունեցած նշանակալի ավանդը:
Արձանագրվել է, որ Հայաստանի և Սուրբ Աթոռի միջև շարունակական բնույթ ունեցող բարձր մակարդակի փոխայցելությունները և հանդիպումներն արդյունավետ երկխոսության վառ վկայությունն են:
Զրուցակիցները քննարկել են նաև միջազգային հարթակներում համագործակցությունը սերտացնելու և ընդլայնելու հնարավորությունները՝ հաշվի առնելով կողմերի նույնական մոտեցումները միջազգային օրակարագի հրատապ հարցերի շուրջ։
Հանդիպման ընթացքում ՀՀ ԱԳ նախարարը ներկայացրել է Հարավային Կովկասում անվտանգության և կայունության հարցերի վերաբերյալ հայկական կողմի դիրքորոշումները:
ԱԳ նախարար Միրզոյանը զրուցակցի ուշադրությունը հրավիրել է ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի զինված ուժերի կողմից իրականացված վերջին ագրեսիայի հետևանքներին՝ ընդգծելով ադրբեջանական զինված ուժերի դուրսբերման, բոլոր հայ ռազմագերիների անհապաղ հայրենադարձման և հրադադարի ռեժիմի անվերապահ պահպանման հրամայականը:
Հայկական կողմն ընդգծել է, որ տարածաշրջանում խաղաղության հաստատման հիմնական խոչընդոտն Ադրբեջանի առավելապաշտական նկրտումներն ու ուժի կիրառման կամ ուժի կիրառման սպառնալիքի միջոցով խնդիրները լուծելու ձգտումներն են։
Անդրադարձ է կատարվել Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում հայկական հոգևոր ու պատմամշակութային կոթողների՝ ինքնության խեղաթյուրումից ու ոչնչացումից պաշտպանության հարցերին: Այս առումով ՀՀ ԱԳ նախարարն ընդգծել է, որ մինչ այժմ Ադրբեջանը խոչընդոտում է Լեռնային Ղարաբաղ և հարակից տարածքներ ՅՈՒՆԵՍԿՕ֊ի գնահատողական առաքելության այցելությունը։