Անցկացվել է «Խաղաղություն Հայաստանին» Սուրբ պատարագը
25 հոկտեմբերի, 2022Հոկտեմբերի 25-ին Սանտա Մարիա Մաջորե պապական տաճարում Սուրբ Աթոռի Պետական քարտուղար (վարչապետ) Պիետրո Պառոլինի նախագահությամբ անցկացվել է «Խաղաղություն Հայաստանին» Սուրբ պատարագը, որը նվիրված էր Հայաստանի և Սուրբ Աթոռի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին։ Արարողությանը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդես է եկել ելույթով, որում, մասնավորապես, ասել է․
«Ձերդ Վսեմություն Կարդինալ Պառոլին,
Խորապես զգացված ենք Սուրբ պատարագը նախագահելու, Երևանի ու Վատիկանի եղբայրական հարաբերությունների 30-ամյակը մեզ հետ միասին նշելու Ձեր որոշման համար։ Շնորհակալ եմ այս կարևոր իրադարձության կապակցությամբ Ձեր ոգեշնչող խոսքերի և մեզ ուղղված մաղթանքների համար։
Ձերդ Երանելիություն,
Հոգևոր հայրեր և քույրեր,
Տիկնայք և պարոնայք,
Շնորհակալ ենք այստեղ ներկա գտնվելու համար՝ միասին աղոթելու Մարիամ Աստվածածնի վեհաշուք սրբապատկերի առջև՝ Հայաստանում խաղաղության համար։
Չնայած հակամարտություններին և հատկապես վերջերս հարևան երկրի կողմից ուժի դատապարտելի կիրառման հետևանքով առաջացած բազմաթիվ մարտահրավերներին և աղետներին՝ մեր երկիրը երբեք չի կորցրել մարդասիրության և համերաշխության բարձրագույն նպատակների հանդեպ իր հավատը:
Հայ ժողովուրդն ու կառավարությունը մեծապես գնահատում են մեր հարաբերություններն ամրապնդելուն ուղղված Նորին Սրբության օրհնությունը, ինչպես նաև 2020թ․ 44-օրյա պատերազմի ընթացքում ու դրանից հետո, և հայ ժողովրդի դեմ սանձազերծված վերջին ագրեսիային հաջորդած շրջանում Ֆրանցիսկոս Պապի՝ խաղաղության կոչերը և համերաշխության ուղերձները։
Գրեթե երեք տասնամյակ Հայաստանի և Սուրբ Աթոռի միջև դիվանագիտական կապերի պատմությունն առանձնանում են բարձր մակարդակի քաղաքական երկխոսությամբ, որը մշտապես զարգանում և խորանում է փոխադարձ ջանքերի շնորհիվ։ Այս ընթացքում տեղի են ունեցել բազմաթիվ կարևոր միջոցառումներ, որոնք ի ցույց են դնում դարերից եկող փոխգործակցության և ներկայիս միջպետական հարաբերությունների մակարդակը։
Ի թիվս այլոց, 2015թ․ ապրիլին Ֆրանցիսկոս Պապի կողմից մատցուված՝ Հայոց ցեղասպանության հարյուրամյա տարելիցը նշանավորող Սուրբ պատարագը, որին ականատես է եղել ողջ աշխարհը, ինչպես նաև 2016թ․ հունիսին Սրբազան քահանայապետի` Հայաստան կատարած պատմական այցի տպավորությունները հավերժ կմնան մեր հիշողություններում և սրտերում։ Մենք շատ հպարտ ենք, որ հայ ժողովրդի զավակ և միջնադարյան մտքի հանճար Սուրբ Գրիգոր Նարեկացին «Տիեզերական եկեղեցու վարդապետի» կոչում ստացած 36 մեծագույն մտածողներից մեկն է, ում Ֆրանցիսկոս Պապը նաև անվանել է խաղաղության վարդապետ:
Եվ ահա, կարդինալ, պետական քարտուղարի նախագահությամբ այսօրվա արարողությունը քրիստոնեությունը 301թ․-ին որպես պետական կրոն ընդունած երկրի՝ Հայաստանի հետ Սուրբ Աթոռի ամուր բարեկամության ևս մեկ վառ դրսևորում է։
Նշեմ նաև, որ Հայ առաքելական և Կաթոլիկ եկեղեցիների փոխգործակցության դարավոր պատմությունն արժեքավոր խթան է մեր ներկայիս միջպետական կապերի զարգացման համար։ Մենք բարձր ենք գնահատում միջեկեղեցական շարունակական երկխոսությունը, և ես ուրախ եմ Տանն Կիլիկիո Կաթողիկէ Հայոց Պատրիարք Ռաֆայէլ Պետրոս Մինասեանի, հայ առաքելական ու կաթոլիկ եկեղեցիների ներկայացուցիչների, Մխիթարյան հայրերի և Անարատ հղության հայ քույրերի ներկայությամբ։ Երախտապարտ ենք Ձեր աջակցության և նվիրական ջանքերի համար։
Ձերդ Վսեմություն,
Տիկնայք և Պարոնայք,
Այս կարևոր տարին հիանալի հնարավորություն է ընձեռում նշելու մեր ձեռքբերումներն ու վկայակոչելու մեր ընդհանուր արժեքները: Մեր նվիրական ցանկությունն է, որ Հայաստան-Սուրբ Աթոռ եղբայրական ուղին և համապարփակ երկխոսությունը՝ խարսխված փոխադարձ հարգանքի և վստահության ոգու վրա շարունակի հարատևել և մեզ բոլորիս աջակցի՝ կառուցելու արդարության և խաղաղության աշխարհ։
Շնորհակալություն»։