Մամուլի հաղորդագրություն
03 նոյեմբերի, 2022Նոյեմբերի 3-ին Բրյուսելում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման ու սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի և Ադրբեջանի Հանրապետության ու Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի երրրորդ նիստը՝ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և ԱՀ փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի նախագահությամբ:
Մինչ նիստի մեկնարկը Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության գլխավոր քարտուղար Ստեֆանո Սանինոն ողջունել է Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության պատվիրակություններին, հաջողություն է մաղթել հանձնաժողովների աշխատանքներին և վերահաստատել Եվրոպական միության պատրաստակամությունը հետագայում ևս օժանդակություն ցուցաբերել Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև հարաբերությունների կարգավորման հարցերում:
ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը և ԱՀ փոխվարչապետ Շահին Մուստաֆաևն իրենց ողջույնի ելույթներում երախտագիտություն են հայտնել ԵՄ խորհրդին հանդիպման լավ կազմակերպման համար։
Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության ղեկավարների մակարդակով տարբեր ձևաչափերում ձեռք բերված պայմանավորվածությունները՝ կողմերը շարունակել են սահմանազատման հարցերի քննարկումը, անդրադարձ են կատարել կազմակերպչական և ընթացակարգային հարցերի։
Հանձնաժողովների համատեղ գործունեության իրավական շրջանակների ձևավորման նպատակով՝ կողմերը պայմանավորվել են արագացնել Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման ու սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի և Ադրբեջանի Հանրապետության ու Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի համատեղ գործունեության կարգի համաձայնեցման աշխատանքները:
Կողմերը պայմանավորվել են աշխատանքային կարգով որոշել հանձնաժողովների չորրորդ նիստի անցկացման ամսաթիվը և վայրը։