Կիպրոսի Հանրապետության նորանշանակ դեսպանը իր հավատարմագրերի պատճենը հանձնեց ՀՀ ԱԳ նախարարի տեղակալին
14 նոյեմբերի, 2022Նոյեմբերի 14-ին ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն ընդունեց Կիպրոսի Հանրապետության նորանշանակ դեսպան Կիպրոս Յորգալիսին (նստավայրը՝ Մոսկվա)՝ հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ:
Շնորհավորելով դեսպան Յորգալիսին նշանակման կապակցությամբ՝ ԱԳ նախարարի տեղակալ Հովհաննիսյանը գերազանց գնահատեց հայ-կիպրական միջպետական հարաբերությունները՝ հիմնված երկու եղբայրական ժողովուրդների դարավոր բարեկամության և պատմամշակութային սերտ կապերի վրա։
Շնորհակալություն հայտնելով ընդունելության և բարեմաղթանքների համար՝ դեսպան Յորգալիսը վստահեցրեց, որ կներդնի առավելագույն ջանքերը Հայաստանի և Կիպրոսի միջև օրինակելի համագործակցությունն է՛լ ավելի ընդլայնելու և առաջ մղելու համար:
Զրուցակիցներն անդրադարձան երկկողմ քաղաքական երկխոսությանը, միջազգային կառույցներում փոխգործակցությանը և առևտրատնտեսական հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցեր։
Նախարարի տեղակալը հանգամանալից ներկայացրեց ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ սեպտեմբերի 13-14-ին սանձազերծված ադրբեջանական ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը և անդրադարձ կատարեց 44-օրյա պատերազմի և ադրբեջանական ագրեսիաների հետևանքով առաջացած մի շարք կարևոր հումանիտար խնդիրներին։
Զրույցի ընթացքում մտքեր փոխանակվեցին նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող տարածաշրջանային և միջազգային օրակարգի մի շարք հարցերի շուրջ: