Քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Իրանի արտաքին գործերի նախարարությունների միջև
21 նոյեմբերի, 2022Նոյեմբերի 20-ին Թեհրանում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանի և ԻԻՀ ԱԳ նախարարի տեղակալ Ալի Բաղերի Քանիի գլխավորությամբ կայացել են Հայաստանի և Իրանի ԱԳ նախարարությունների հերթական քաղաքական խորհրդակցությունները։ ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանի գլխավորած պատվիրակությանն ընդունել է նաև ԻԻՀ ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը։
Կողմերը քննարկել են Հայաստանի և Իրանի միջև վերջին շրջանի ակտիվ փոխգործակցության, ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքի, քաղաքական, առևտրատնտեսական և տարածաշրջանային անվտանգության ապահովման, բազմակողմ հարթակներում համագործակցության մի շարք հարցեր։ Երկկողմ առևտրատնտեսական նախագծերի իրականացման և հնարավոր այլ ոլորտներում փոխշահավետ գործակցության շուրջ մտքեր են փոխանակվել նաև ԻԻՀ ԱԳ նախարարի տնտեսական հարցերով տեղակալ Մեհդի Սաֆարիի հետ։
Խորհրդակցությունների ժամանակ Մնացական Սաֆարյանը ներկայացրել է, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման, Լեռնային Ղարաբաղի հակամարտության հանգուցալուծման վերաբերյալ հայկական կողմի դիրքորոշումները: