ՀՀ ԱԳ նախարարի հանդիպումը ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով Բարձր ներկայացուցչի հետ
01 դեկտեմբերի, 2022Դեկտեմբերի 1-ին ԵԱՀԿ նախարարական 29-րդ համաժողովի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարարը հանդիպել է ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով Բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելին։
Զրուցակիցները գոհունակություն են հայտնել Հայաստան-Եվրամիություն գործընկերության դինամիկ զարգացման կապակցությամբ, մտքեր փոխանակել երկկողմ օրակարգի ընդլայնման շուրջ:
Հանդիպման ընթացքում Արարատ Միրզոյանի և Ժոզեպ Բորելի ուշադրության կենտրոնում են եղել տարածաշրջանային կայունության և անվտանգության հարցերը։
Նախարար Միրզոյանն ընդգծել է Հարավային Կովկասում խաղաղություն հաստատելու հայկական կողմի հանձնառությունը և բարձր գնահատել այս ուղղությամբ ԵՄ աջակցությունը: ՀՀ ԱԳ նախարարը շեշտել է, որ Ադրբեջանի ոչ կառուցողական դիրքորոշումն ու առավելապաշտական նկրտումները խոչընդոտում են խաղաղության հասնելու նպատակով գործադրվող ջանքերին և նպաստում էսկալացիայի հավանականության բարձրացմանը: Շեշտվել է ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ ադրբեջանական ագրեսիաների հետևանքների վերացման անհրաժեշտությունը:
Զրուցակիցները կարևորել են ԵՄ դիտորդական առաքելության տեղակայումը Հայաստանում և քննարկել դրա գործունեությանը վերաբերող հարցեր: