Հայաստանի ու Հունգարիայի ԱԳ նախարարների համատեղ հայտարարություն
01 դեկտեմբերի, 2022Դեկտեմբերի 1-ին Լոձում ԵԱՀԿ նախարարական համաժողովի շրջանակներում տեղի է ունեցել Հայաստանի և Հունգարիայի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանի և Պետեր Սիյարտոյի հանդիպումը։
Կողմերը արձանագրել են հայ ու հունգարացի ժողովուրդների միջև գոյություն ունեցող պատմամշակութային խորը կապերը և ընդհանուր քրիստոնեական ժառանգությունը, և ընդգծել Հայաստանի և Հունգարիայի միջև հարաբերությունների բարելավման կարևորությունը։ Զրուցակիցները նաև ընդգծել են պաշտոնապես որպես ազգային փոքրամասնություն ճանաչված Հունգարիայի հայ համայնքի դերը, որը հանդիսանում է երկու երկրները կապող կամուրջներից մեկը։
Նախարարները մտքեր են փոխանակել Հայաստանի ու Հունգարիայի հարաբերությունների ներկա փուլի վերաբերյալ: Նրանք պայմանավորվածություն են ձեռք բերել վերականգնելու լիարժեք դիվանագիտական հարաբերությունները՝ մտադրություն հայտնելով նոր էջ բացել հայ-հունգարական հարաբերություններում՝ հիմնված փոխադարձ վստահության և միջազգային իրավունքի նկատմամբ հարգանքի վրա։
Ի շարունակություն հանդիպման՝ երկու կառավարությունները ոչ ռեզիդենտ դեսպաններ կնշանակեն՝ ուսումնասիրելու հարաբերությունների զարգացման հնարավորությունները, հատկապես առևտրի, մշակույթի, կրթության և զբոսաշրջության ոլորտներում։ Առաջիկա օրերին կմեկնարկեն անհրաժեշտ դիվանագիտական և վարչական ընթացակարգերը։