ՀՀ ԱԳ նախարարի և ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կառավարչի հեռախոսազրույցը
06 հունվարի, 2023Հունվարի 6-ին տեղի է ունեցել ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ՄԶԳ) կառավարիչ Սամանթա Փաուերի հեռախոսազրույցը:
Հեռախոսազրույցի ընթացքում ՀՀ ԱԳ նախարարն ԱՄՆ ՄԶԳ կառավարչին է ներկայացրել դեկտեմբերի 12-ից Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղը Հայաստանին կապող միակ ճանապարհի` Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով ահագնացող հումանիտար իրավիճակը: Նախարար Միրզոյանը շեշտել է, որ Ադրբեջանի գործողություններն ուղղված են 120 հազար արցախահայությանն էթնիկ զտմանը ենթարկելուն:
Ընդգծելով, որ Ադրբեջանը կոպտորեն խախտում է 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ստանձնած իր պարտավորությունները` ՀՀ ԱԳ նախարարը կարևորել է միջազգային հանրության հստակ քայլերը` ուղղված Լաչինի միջանցքի բնականոն աշխատանքի վերականգնմանը և հումանիտար աղետի կանխարգելմանը: