ՀՀ ԱԳ նախարարի հանդիպումը ԵԱՀԿ Գլխավոր քարտուղարի հետ
17 հունվարի, 2023Հունվարի 17-ին Վիեննայում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ԵԱՀԿ Գլխավոր քարտուղար Հելգա Շմիդի հետ:
Կողմերը քննարկել են տարածաշրջանային նշանակության հարցեր, մտքեր փոխանակել նույն օրը կայացած ԵԱՀԿ Մշտական խորհրդի հատուկ նիստի շուրջ:
ՀՀ ԱԳ նախարարն անդրադարձ է կատարել Լաչինի միջանցքի փակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակին՝ ընդգծելով, որ Ադրբեջանի նպատակ է հետապնդում էթնիկ զտման ենթարկել արցախահայությանը:
Նախարար Միրզոյանը շեշտել է միջազգային հանրության գործուն քայլերի անհրաժեշտությունը` Լաչինի միջանցքի ապաշրջափակման և Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի միջև անվտանգ և անարգել կապի վերականգնման համար: Կարևորվել է միջազգային համապատասխան կառույցների հումանիտար հասանելիության ապահովումը Լեռնային Ղարաբաղ։
Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի վերաբերյալ: Նախարար Միրզոյանը նշել է, որ Ադրբեջանի շարունակական սադրանքները, ձեռք բերված պայմանավորվածությունները չհարգելը, ռազմատենչ հռետորաբանությունը մեծապես խոչընդոտում են տարածաշրջանում անվտանգության և կայունության հաստատմանն ուղղված հայկական կողմի ջանքերին: Հայկական կողմը նաև նշել է, որ ԵԱՀԿ֊ն՝ իր կառույցների միջոցով պետք է դեր խաղա խաղաղության հասնելու և այն պահպանելու կարևոր գործում։
ՀՀ ԱԳ նախարարը ներկայացրել է Հայաստան֊Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին զարգացումները։
Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձ են կատարել նաև ԵԱՀԿ շրջանակներում ՀՀ հետ համագործակցության ծրագրերին: