Քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Կիպրոսի արտաքին գործերի նախարարությունների միջև
19 հունվարի, 2023Հունվարի 19-ին Երևանում կայացել են քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի Հանրապետության և Կիպրոսի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունների միջև: Հայկական պատվիրակությունը գլխավորում էր ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը, կիպրականը՝ Կիպրոսի ԱԳ նախարարության Գլխավոր քարտուղար Կորնելիոս Կորնելիուն։
Խորհրդակցությունների ընթացքում զրուցակիցները քննարկել են հայ-կիպրական երկկողմ քաղաքական օրակարգի հարցերի լայն շրջանակ, գոհունակությամբ ընդգծել են քաղաքական երկխոսության գերազանց մակարդակը: Մտքեր են փոխանակվել երկուստեք հետաքրքրություն ներկայացնող տարածաշրջանային և միջազգային օրակարգի մի շարք հարցերի վերաբերյալ, ներառյալ՝ համագործակցությունը ԵՄ շրջանակներում։ Կողմերը պատրաստակամություն են հայտնել ջանքեր գործադրել` երկկողմ համագործակցության առկա ներուժը լիարժեք իրացնելու համար։
Առանձնահատուկ ընդգծվել է Հայաստանի, Կիպրոսի և Հունաստանի միջև ձևավորված եռակողմ համագործակցության կարևորությունը։
Պարույր Հովհաննիսյանը հանգամանորեն ներկայացրել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքով մարդկանց և բեռների ազատ տեղաշարժի արգելափակման հետևանքները՝ շեշտելով, որ Արցախը կանգնած է հումանիտար ճգնաժամի սպառնալիքի առջև: Նա նաև ընդգծել է, որ Ադրբեջանի ղեկավարության ապօրինի գործողությունները, ռազմատենչ հռետորաբանությունը և առավելապաշտական կեցվածքը լրջորեն խաթարում են Հարավային Կովկասում խաղաղության և կայունության հասնելու ջանքերը:
Նույն օրը կիպրական պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ և հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: