Արարատ Միրզոյանի և Յենս Պլյոտների հանդիպումը
07 փետրվարի, 2023Փետրվարի 7-ին աշխատանքային այցով Բեռլինում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ԳԴՀ կանցլեր Օլաֆ Շոլցի արտաքին և անվտանգության քաղաքականության հարցերով խորհրդական Յենս Պլյոտների հետ։
Զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստանի և Գերմանիայի միջև ձևավորված քաղաքական երկխոսության ու փոխշահավետ համագործակցության հետագա խորացման հեռանկարների շուրջ:
Քննարկվել են նաև տարածաշրջանային անվտանգությանը և կայունությանն առնչվող հարցերի լայն շրջանակ:
Ընդգծվել է հումանիտար խնդիրների հասցեագրման, ինչպես նաև Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակումն անհապաղ վերացնելու կարևորությունը:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել բազմակողմ հարթակներում երկու երկրների միջև համագործակցությանը, ինչպես նաև՝ ՀՀ-ԵՄ գործընկերությանն առնչվող հարցերի: Այս առումով նախարար Միրզոյանը բարձր է գնահատել ԵՄ-ի՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև միջազգային սահմանին մշտադիտարկման երկարաժամկետ առաքելության տեղակայման վերաբերյալ որոշումը՝ համոզմունք հայտնելով, որ առաքելությունը կնպաստի տարածաշրջանում կայունության հաստատմանը։