Արտաքին գործերի նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանի հանդիպումը ԵԽԽՎ համազեկուցողների հետ
17 փետրվարի, 2023Փետրվարի 17-ին ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն ընդունել է փաստահավաք առաքելությամբ Հայաստանում գտնվող Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի մոնիտորինգի հանձնաժողովում Հայաստանի հարցերով համազեկուցողներ Կիմո Կիլյունենին (Ֆինլանդիա) և Բորիանա Աբերգին (Շվեդիա)։
Նախարարի տեղակալը ողջունել է համազեկուցողների փաստահավաք այցելությունը՝ հույս հայտնելով, որ այն կնպաստի տարածաշրջանում ստեղծված իրավիճակի վերաբերյալ իրազեկվածության բարձրացմանը և օբյեկտիվ գնահատմանը։
Պարույր Հովհաննիսյանը զրուցակիցներին մանրամասն ներկայացրել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման արդյունքում ստեղծված իրավիճակը, Լեռնային Ղարաբաղի գազամատակարարման պարբերական խափանման փաստը՝ շեշտելով, որ Արցախը կանգնած է հումանիտար ճգնաժամի սպառնալիքի առջև։
Անդրադարձել է ադրբեջանական զինված ուժերի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածք ներխուժմանը և հայ ռազմագերիների հետ կապված խնդիրներին։ Նա նաև ընդգծել է, որ Ադրբեջանի ղեկավարության ապօրինի գործողությունները, ռազմատենչ հռետորաբանությունը և առավելապաշտական կեցվածքը լրջորեն խաթարում են Հարավային Կովկասում խաղաղության և կայունության հասնելու ջանքերը: