ՀՀ ԱԳ նախարարի հանդիպումը ՄԱԿ Մարդու իրավունքների բարձր հանձնակատարի հետ
27 փետրվարի, 2023Փետրվարի 27-ին Ժնևում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է ՄԱԿ Մարդու իրավունքների բարձր հանձնակատար Վոլկեր Տյուրկի հետ:
Կողմերը քննարկել են ՄԱԿ-ի Մարդու իրավունքների պաշտպանության համակարգի շրջանակներում համագործակցությանն առնչվող հարցեր:
Զրուցակիցներն անդրադարձել են Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների գործընթացին, մարդու իրավունքների պաշտպանության և օրենքի գերակայության ամրապնդման ուղղությամբ ՀՀ կառավարության կողմից իրականացվող քայլերին և ձեռքբերումներին:
Քննարկվել են միջազգային և տարածաշրջանային օրակարգի հարցեր։
Արարատ Միրզոյանը նշել է, որ 2020թ. 44-օրյա պատերազմի և Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ 2021թ․ մայիս, նոյեմբեր և 2022թ․ սեպտեմբեր ամիսներին ագրեսիայի ընթացքում արձանագրվել են Ադրբեջանի զինված ուժերի կողմից մարդու իրավունքների կոպտագույն խախտումներ՝ այս առնչությամբ կարևորելով միջազգային համապատաասխան կառույցների հստակ գործողությունները, ինչպես նաև Արդարադատության միջազգային դատարանի որոշման իրականացումը: Նախարար Միրզոյանն ընդգծել է մինչ օրս Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց անհապաղ հայրենադարձման հրամայականը՝ նշելով, որ Ադրբեջանն իր գործողություններով ակնհայտորեն ոտնահարում է ոչ միայն 2020թ. նոյեմբերի 9-ի իր իսկ կողմից ստորագրված եռակողմ հայտարարության դրույթները, այլ նաև միջազգային հումանիտար իրավունքի նորմերը։
Անդրադառնալով Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղի 120 հազար բնակչության առջև ծառացած հումանիտար մարտահրավերներին՝ ԱԳ նախարարը շեշտել է ՄԱԿ համապատասխան մարմինների միջամտության և Լեռնային Ղարաբաղ հումանիտար հասանելիություն ապահովելու կարևորությունը:
Նախարար Միրզոյանը ներկայացրել է նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման ուղղությամբ հայկական կողմի ջանքերը։