Վենեսուելայի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալին
16 մարտի, 2023Մարտի 16-ին ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Վենեսուելայի Բոլիվարյան Հանրապետության նորանշանակ դեսպան Խեսուս Ռաֆայել Սալասար Վելասկեսին՝ հավատարմագրերի պատճենը հանձնելու կապակցությամբ (նստավայրը՝ Մոսկվա):
Շնորհավորելով նշանակման առթիվ՝ ԱԳ նախարարի տեղակալը դեսպանին հաջողություն է մաղթել բարդ և պատասխանատու գործում:
Հանդիպման շրջանակներում զրուցակիցներն անդրադարձել են երկկողմ օրակարգի զարգացման հնարավորություններին, կարևորել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցության ընդլայնումը, այդ թվում բազմակողմ հարթակներում:
Պարույր Հովհաննիսյանը ներկայացրել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում օրեցօր վատթարացող հումանիտար իրավիճակը և վերջին զարգացումները։ Շեշտվել է Արդարադատության միջազգային դատարանի կողմից փետրվարի 22-ին կայացված որոշուման կարևորությունը, որով, ի թիվս այլոց, Ադրբեջանին պարտադրվել է ձեռնարկել անհրաժեշտ բոլոր միջոցները՝ ապահովելու Լաչինի միջանցքով անձանց, տրանսպորտային միջոցների և բեռների՝ երկու ուղղություններով անխափան տեղաշարժը: Նախարարի տեղակալը ներկայացրել է նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում ՀՀ տեսլականը։