ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը հանդիպել է Իրաքի Խորհրդարանի Հայաստան-Իրաք բարեկամության խմբի պատվիրակության հետ
16 մարտի, 2023Մարտի 16-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանն ընդունել է Հայաստանում գտնվող Իրաքի Հանրապետության ներկայացուցիչների պալատի Իրաք-Հայաստան պատգամավորական բարեկամության խմբի պատվիրակությանը՝ խմբի նախագահ Մուհամմադ Սադիկ Մուհամմադի գլխավորությամբ:
Ողջունելով պատվիրակության անդամներին՝ Վահան Կոստանյանը բարձր է գնահատել Իրաքի հետ բազմաոլորտ հարաբերությունների զարգացման առկա դրական դինամիկան՝ այս առնչությամբ առանձնահատուկ ընդգծելով երկու երկրների խորհրդարանների դերակատարությունն ու գործադրվող ջանքերը:
Կողմերը քննարկել են երկկողմ համագործակցության օրակարգին առնչվող հարցերի լայն շրջանակ, այդ թվում հայ-իրաքյան փոխգործակցությունը տնտեսության, առողջապահության, կրթության և զբոսաշրջության ոլորտներում: Շեշտվել է հայ-իրաքյան միջկառավարական հանձնաժողովի շրջանակներում աշխատանքների ակտիվացումը, ինչպես նաև արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև քաղաքական խորհրդակցությունների անցկացումը:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել տարածաշրջանային անվտանգության ու կայունության հարցերի: Նախարարի տեղակալը համապարփակ ներկայացրել է Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացը, ինչպես նաև Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով տարածաշրջանում ստեղծված իրավիճակը: Վահան Կոստանյանն անթույլատրելի է համարել Ադրբեջանի կողմից կրոնական գործոնի շահարկումները, ինչպես նաև Հայաստանի և հայ ժողովրդի ու արաբական աշխարհի միջև ավանդական ջերմ հարաբերությունները խաթարելու անհիմն փորձերը՝ նշելով, որ Հայաստանը ավանդական բարեկամական հարաբերություններ ունի արաբական պետությունների ճնշող մեծամասնության հետ: Վահան Կոստանյանը շնորհակալություն է հայտնել բարեկամ Իրաքի անկողմնակալ դիրքորոշման համար: