Հայաստանի ԱԳ նախարարի և Մալթայի նախագահի հանդիպումը
30 մարտի, 2023Մարտի 30-ին Վալետայում Մալթայի Հանրապետության նախագահ Ջորջ Վելլան ընդունել է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանին:
Զրուցակցիները կարևորել են միջպետական հարաբերությունների հաստատումից ի վեր Հայաստանից առաջին երկկողմ պաշտոնական բարձրաստիճան այցը Մալթա և համոզմունք հայտնել, որ այն նոր լիցք կհաղորդի երկու երկրների միջև փոխշահավետ համագործակցության հետագա զարգացմանը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև բազմակողմ հարթակներում Հայաստանի և Մալթայի միջև փոխգործակցության հարցեր: Զրուցակիցներն անդրադարձ են կատարել ՀՀ-ԵՄ ընդլայնվող գործընկերությանը: Արարատ Միրզոյանն ընդգծել է Հայաստանում ժողովրդավարության ամրապնդման և բարեփոխումների հավակնոտ օրակարգի իրականացման ուղղությամբ ԵՄ շարունակական աջակցությունը:
Զրուցակիցների ուշադրության կենտրոնում էին նաև տարածաշրջանային անվտանգության հարցերը: ՀՀ ԱԳ նախարարը Մալթայի նախագահին է ներկայացրել Հարավային Կովկասում ստեղծված անվտանգային իրավիճակը, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին զարգացումները:
Հանդիպման ընթացքում նախարար Միրզոյանն ընդգծել է Ադրբեջանի կողմից արգելափակված Լաչինի միջանցքի առանց նախապայմանների վերաբացման կարևորությունը, Ադրբեջանի ռազմատենչ հռետորաբանության և սանդրանքների փոխարեն Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների և անվտանգությանը վերաբերող առանցքային հարցերի շուրջ կառուցողական մոտեցման ցուցաբերումը և հանձնառությունների իրագործումը: