Հնդկաստանի նորանշանակ դեսպանի հավատարմագրերի պատճենի հանձնումը ՀՀ ԱԳ նախարարին
10 ապրիլի, 2023Ապրիլի 10-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է ՀՀ-ում Հնդկաստանի դեսպան Նիլակշի Սահա Սինհային հավատարմագրերի պատճենը հանձնելու կապակցությամբ: Նախարար Միրզոյանը շնորհավորել է նորանշանակ դեսպանին պատասխանատու պաշտոնը ստանձնելու առթիվ և հաջողություն մաղթել կարևոր առաքելության իրականացման ընթացքում:
Զրուցակցիներն անդրադարձել են հայ-հնդկական բազմաշերտ հարաբերությունների զարգացման հեռանկարներին, մտքեր փոխանակել երկկողմ հավակնոտ օրակարգը կյանքի կոչելու ուղիների շուրջ: Երկուստեք գոհունակությամբ արձանագրվել է Հայաստանի և Հնդկաստանի միջև քաղաքական երկխոսության աճող դինամիկան, ինչին նպաստել են ինչպես երկկողմ բարձրաստիճան այցերը, այնպես էլ միջազգային հարթակներում ակտիվ և արդյունավետ փոխգործակցությունը:
Նախարար Միրզոյանը և դեսպան Սահա Սինհան նշել են Հայաստանի և Հնդկաստանի միջև տարբեր, այդ թվում՝ առևտրատնտեսական ու գործարար կապերի, գիտակրթական ոլորտներում առկա ներուժն առավելագույնս իրացնելու ուղղությամբ համատեղ քայլերի իրականացման պատրաստակամությունը՝ ի շահ երկու երկրների քաղաքացիների: Այս համատեքստում ընդգծվել է, որ երկու ժողովուրդների միջև դարավոր բարեկամական կապերը ևս պարարտ հող են ստեղծում միջպետական գործընկերության հետագա զարգացման համար:
Անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային և միջազգային անվտանգության խնդիրների: Նախարար Միրզոյանը նորանշանակ դեսպանին է ներկայացրել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման հարցում հայկական կողմի տեսլականը՝ արժևորելով Հնդկաստանի կողմից հնչեցված դիրքորոշումը:
Անդրադառնալով Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված մարդասիրական մարտահրավերներին՝ Արարատ Միրզոյանը շեշտել է Արդարադատության միջազգային դատարանի փետրվարի 22-ի որոշման կատարման, միջանցքի արգելափակումն առանց նախապայմանների վերացնելու և արցախահայությանն էթնիկ զտման ենթարկելուն ուղղված Բաքվի գործողությունների կանխման հրամայականը: Այս համատեքստում շեշտվել է տարածաշրջանում կայունության հարցում շահագրգռված գործընկերների և միջազգային կառույցների գործուն քայլերի կարևորությունը: