ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահե Գևորգյանի և ՄԱԿ Պարենի համաշխարհային ծրագրի Մերձավոր Արևելքի, Հյուսիսային Աֆրիկայի և Արևելյան Եվրոպայի տարածաշրջանային տնօրեն Քորին Ֆլայշերի հանդիպումը
11 ապրիլի, 2023Ապրիլի 10-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահե Գևորգյանն ընդունել է ՄԱԿ Պարենի համաշխարհային ծրագրի (ՊՀԾ) Մերձավոր Արևելքի, Հյուսիսային Աֆրիկայի և Արևելյան Եվրոպայի տարածաշրջանային տնօրեն Քորին Ֆլայշերին:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ՀՀ-ՊՀԾ համագործակցության լայն օրակարգը, մասնավորապես՝ Հայաստանում պարենային անվտանգության ոլորտում իրականացվող համատեղ ծրագրերը և հեռանկարային նախագծերը:
Անդրադարձ է կատարվել պարենային անվտանգության ոլորտում առկա գլոբալ և տարածաշրջանային խնդիրներին ու մարտահրավերներին և դրանց լուծման ուղղությամբ միջազգային հարթակներում ձեռնարկվող քայլերին:
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը ներկայացրել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում վատթարացող հումանիտար իրավիճակը, այդ թվում՝ պարենամթերքի ու առաջնային այլ ապրանքների պակասով պայմանավորված խնդիրները՝ ընդգծելով ճգնաժամի հաղթահարման նպատակով միջազգային ներգրավվածության անհրաժեշտությունը: