Արտերկրում Հայոց ցեղասպանության 108-րդ տարելիցին նվիրված միջոցառումների վերաբերյալ

24 ապրիլի, 2023

Ապրիլի 30

Շվեյցարիայի Օբերենտֆելդեն քաղաքում տեղի է ունեցել բարեգործական համերգ նվիրված Հայոց ցեղասպանության Զոհերի հիշատակին, որը կազմակերպվել է Հայ դպրոցական և ընտանեկան միության կողմից:

Երուսաղեմի Եբրայական համալսարանում տեղի է ունեցել Մեծ Եղեռնի 108-ամյակին նվիրված հուշ երեկո, որն ավանդաբար կազ­մակերպում է համալսարանի հայկական հետազոտությունների ծրագիրը, վեր­ջին երկու տարիներին՝ ՀՀ դեսպանության հովանավորությամբ:

Ապրիլի 28

Անտվերպեն քաղաքում տեղի է ունեցել «The Forgotten War-From the Armenian Genocide in 1915 to the contemporary struggle in Nagorno-Karabakh» գրքի շնորհանդեսը:

Ապրիլի 27

Հռոմի Ս․ Բարդուղիմեոս տաճարում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության 108-րդ տարելիցի ոգեկոչման պաշտոնական արարողություն Վատիկանի Քրիստոնեական միասնության խթանման քահանայապետական գերատեսչության ղեկավար կարդինալ Կուրտ Կոխի նախագահությամբ և Հռոմում քրիստոնյա բոլոր համայնքների ղեկավարների ներկայությամբ։

Ապրիլի 26

Դեսպան Վարուժան Ներսեսյանը ՄԹ-Հայաստան խորհրդարանական խմբի անդամների հետ՝ ղեկավար Թիմ Լոթընի գլխավորությամբ և հայ համայնքի ներկայացուցիչների հետ միասին ծաղկեպսակներ են դրել Սենոտաֆ հուշահամալիրի մոտ՝ ոգեկոչելով Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը։

Շվեդիայի խորհրդարանում՝ Ռիկսդագում, կայացել է Հայոց ցեղասպանության 108-րդ տարելիցին նվիրված միջոցառում, որը կազմակերպվել էր Ռիկսդագի Շվեդիա-Հայաստան բարեկամության խմբի անդամների կողմից՝ ՀՀ դեսպանության աջակցությամբ։

Բելգիայի կինոթատրոններում ցուցադրվել է«Ավրորայի լուցաբացը» ֆիլմը:

Լյուվեն քաղաքում տեղի է ունեցել, հայ ուսանողների կողմից կազմակերպած, բելգիացի լրագրող Յենս դե Ռայկի (Jens De Rycke) լուսանկարների ցուցադրությունը և «The Forgotten War-From the Armenian Genocide in 1915 to the contemporary struggle in Nagorno-Karabakh» գրքի շնորհանդեսը, որին ներկա են գտնվել դեսպանության ներկայացուցիչները: 

Ապրիլի 25

Լիբանանի Բքերքե քաղաքի Սուրբ Հարության եկեղեցում տեղի է ունեցել հավաքական աղոթք և վերածննդի համերգ, Մարոնի պատրիարք, կարդինալ Մար Բիշարա Բուտրոս Ռայի հովանավորությամբ:

Ապրիլի 24

Ժնևում՝ Սբ. Հակոբ եկեղեցում, տեղի է ուենցել պատարագ և ծաղկեպսակի զետեղման արարողություն Սուրբ Հակոբ Հայ Առաքելական եկեղեցում: Առաջնորդական տեղապահ Հոգեշնորհ Տ. Գուսան վարդապետ Ալճանյանը Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների բարեխոսական կարգ է կատարել և հանդես եկել օրվա խորհրդին նվիրված քարոզով։

Բրյուսելի Սուրբ Մարիամ Մագդաղենացի եկեղեցում տեղի է ունեցել Եղեռնի զոհերի հիշատակին նվիրված արարողություն, պսակ է զետեղվել Բրյուսելի Անրի Միշո հրապարակում գտնվող խաչքար-հուշակոթողի մոտ: Տեղի հայ համայնքի կողմից իրականացվել է երթ:

Լիտվայում դեսպանությունը նախաձեռնել է «Ավրորա Սանրայզ» ֆիլմի ցուցադրումը՝ հրավիրելով Լիտվայի քաղաքական և հասրարակական գործիչներին և պաշտոնյաներին, դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներին և հայ համայնքի անդամներին։

Լատվիայում Բալթյան երկրների Հայոց թեմի Ռիգայի Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում տեղի է ունեցել Հայոց Ցեղասպանության Սուրբ Նահատակների բարեխոսական կարգ և եկեղեցու բակում տեղադրված խաչքարի առջև հարգանքի տուրք մատուցվել:

Էստոնիայում Տալլինի Հայ առաքելական եկեղեցում մատուցվել է պատարագ, որից հետո անցկացվել է ծաղկեպսակների զետեղման արարողություն խաչքարին։

Էստոնիայի Հաապսալու քաղաքում ծաղկեպսակների զետեղման արարողություն է անցկացվել էստոնացի հայտնի բարեգործ և հայասեր Անա Խեդվիգ Գյուլի տուն-թանգարանի մոտ տեղադրված խաչքարին։ Նաև ծաղկեպսակների զետեղման արարողություն է տեղի ունեցել Տարտու քաղաքում տեղադրված խաչքարին։

Բրատիսլավայում՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող խաչքար-հուշակոթողի մոտ, դեսպանության նախաձեռնությամբ տեղի է ունեցել հիշատակի միջոցառում:

Հունաստանում տեղի է ունեցել հանդիսավոր արարողություն և դափնեպսակների զետեղում Նէա Զմյուռնիայի հուշակոթողի մոտ: Ատտիկայի մարզպետարանի և Հայոց ազգային առաջնորդարանի նախաձեռնությամբ կազմակերպված միջոցառմանը ողջույնի խոսքով է հանդես եկել Նէա Զմյուռնիայի քաղաքապետ Սթավրոս Ծուլաքիսը:

Դամասկոսի սուրբ Սարգիս առաջնորդանիստ եկեղեցում Դամասոկոսի Հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ տեր Արմաշ եպսիսկոպոս Նալբանդյանի կողմից մատուցվել է սուրբ պատարագ: Պատարագի ավարտին, եկեղեցու բակում գտնվող «Նահատակաց» հուշարձանի առջև կատարվել է Հայոց Ցեղասպանության սրբոց Նահատակաց հիշատակի բարեխոսական միջեկեղեցական միասնական աղոթք։

Վիեննայի Շիլլերի հրապարակում տեղադրված Ֆրանց Վերֆելի հուշարձանի մոտ տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության 108-րդ տարելիցին նվիրված միջոցառում: Ավստրիայի Հայ Առաքելական եկեղեցական համայնքի հոգևոր հովիվ Արժանապատիվ Տ. Անդրեաս քահանա Իսախանյանի կողմից մատուցվել է Տերունական Աղոթք։ Վիեննայի Սբ. Ստեփանոսի հրապարակում Ավստրիայի Հայ ուսանողական միության նախաձեռնությամբ տեղի է ունեցել նաև Հայոց ցեղասպանության մասին տեղեկատվական միջոցառում:

Մոսկվայի ՀԱԵ եկեղեցական համալիրի տարածքում կանգնեցված Մեծ Եղեռնի զոհերին նվիրված հուշակոթողի դիմաց տեղի է ունեցել ծաղիկների խոնարհման արարողություն՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի։

Վրաստանում ՀՀ դեսպանության և Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Վիրահայոց թեմի կողմից Թբիլիսիի Վասո Աբաշիձեի անվան պետական թատրոնում կազմակերպվել է Հայոց ցեղասպանության 108-րդ տարելիցի ոգեկոչման հուշ-երեկո։ «Վրաստանի հայ համայնք» հասարակական կազմակերպության կողմից Թբիլիսիում նախաձեռնվել է ցուցադրությունների շարք՝ Հայոց ցեղասպանության թեմայով` սկսած ապրիլի 5-ից:  Տեղի է ունցել երթ դեպի Թբիլիսիում Թուրքիայի դեսպանություն։

Սոֆիայի հայկական գերեզմանատանը գտնվող Հայոց ցեղասպանությանը նվիրված խաչքարի մոտ հյուպատոս Թամարա Ղուշչյանը հայ համայնքի և համայնքային կառույցների ներկայացուցիչների հետ ծաղկեպսակներ է զետեղել: Արարողության մասնակիցները մեկ րոպե լռությամբ հարգանքի տուրք են մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:

Պլովդիվում հայ համայնքային կառույցների, ՀԲԸՄ Պլովդիվի մասնաճյուղի ներկայացուցիչների մասնակցությամբ անցկացվել է քայլերթ՝ դեպի Սբ. Գևորգ հայկական եկեղեցի, որտեղ կատարվել է հոգեհանգստի կարգ: Եկեղեցու բակում անցկացվել է հիշատակի արարողություն, ծաղկեպսակներ և ծաղիկներ են խոնարհվել խաչքարի առջև: Միջոցառմանը ներկա են գտնվել նաև Պլովդիվի քաղաքապետարանի պաշտոնյաներ:

Բուրգասում Սուրբ Խաչ հայկական եկեղեցում անցկացվել է հիշատակի արարողություն, որին ներկա են գտնվել, ի թիվս հայ համայնքի, Բուրգասի քաղաքապետարանի և ավագանու ներկայացուցիչները: Ծաղիկներ են խոնարհվել եկեղեցու բակում գտնվող խաչքարի դիմաց:

Վառնայում անցկացվել է ջահերով երթ: Հայ համայնքի ներկայացուցիչները ծաղիկներ են զետեղել Սբ. Սարգիս եկեղեցու բակում տեղադրված խաչքարի մոտ, այնուհետև վերջիններս քայլերթով շարժվել են դեպի Հնագիտության թանգարանի մոտակայքում տեղադրված՝ Անդրանիկ Օզանյանի արձանի մոտ: Հիշատակի միջոցառումներ են անցկացվել նաև Սլիվենում, Ռուսեում, Շումենում, Խասկովոյում, Սիլիստրայում:

Տրանսիլվանիայի Կլուժ-նապոկա քաղաքի «Գեորգե Դիմայի» անվան ազգային երաժշտական ակադեմիայում, Ռումինիայում ՀՀ դեսպանության հովանու ներքո, տեղի է ունեցել «Մոխիրը բաբախում է կրծքումս» վերնագրով համերգը՝ Ռումինահայոց միության Կլուժի մասնաճյուղի նախաձեռնությամբ և Բաբեշ Բոյայի անվան համալսարանի Հայագիտության ինստիտուտի օժանդակությամբ։ 

Բեռլինի Ֆրիդրիխսհայն կինոթատրոնում տեղի է ունեցել ռեժիսոր Իննա Սահակյանի «Ավրորայի լուսաբացը» ֆիլմի ցուցադրությունը, որը կազմակերպվել էր Հայաստանյայց առաքելական եկեղեցու Գերմանիայի հայոց թեմի, Գերմանահայոց կենտրոնական խորհրդի և Գերմանիայում ՀՀ դեսպանության կողմից՝ Gebrueder beetz filmproduktion/a LEONINE ընկերության հետ համագործակցությամբ: Բեռլինի Սուրբ Հեդվիգ Մայր Տաճարի մոտ տեղադրված՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող խաչքարի մոտ տեղի է ունեցել ծաղկեպսակի զետեղման արարողություն:

Սիդնեյում տեղի է ունեցել ամենամյա իրազեկման քայլերթ, որին մասնակցել են Ավստրալիայի խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի անդամներ Ջերոմ Լագզեյլը (Jerome Laxale), Փոլ Ֆլեթչերը (Paul Fletcher) և Քայլի Թինք (Kylea Tink), ինչպես նաև Նոր Հարավային Ուելս նահանգի խորհրդարանի, կառավարության անդամներ, քաղաքային իշխանությունների ղեկավարներ և ներկայացուցիչներ:

Աստանայի Սուրբ-Ուսպենյան մայր տաճարի տարածքում տեղակայված խաչքարի մոտ մեկ րոպե լռությամբ հարգանքի տուրք է մատուցվել Ցեղասպանության զոհերին։ Խաչքարին ծաղիկների զետեղման արարողությանը հաջորդել է տաճարում Ցեղասպանության զոհերի հիշատակին մատուցված հոգեհանգստյան կարգը։

Շվեդիայի Վեստերոս քաղաքի քաղաքային գրադարանում կայացել է միջոցառում, որի շրջանակներում կատարվել են հայկական երաժշտական ստեղծագործություններ, որպես բանախոս հանդես է եկել Ռասմուս Քանբեկը՝ «Արցախը ուշադրության կենտրոնում» թեմայով։

Նորվեգիայի Պոլոգդայում Ֆրիտյոֆ Նանսենի շիրմաքարի մոտ կայացել է հիշատակի միջոցառում, որը կազմակերպվել է եկեղեցական խորհրդի կողմից։  Ծաղիկներ են զետեղվել Կրագերոյում միսինորուհի Բոդիլ Բյորնի հուշարձանի և Բերգենում հայկական խաչքարի մոտ։

Դոնի Ռոստովում գլխավոր հյուպատոս Լևոն Մինասյանը և գլխավոր հյուպատոսության ողջ անձնակազմը ներկա է գտնվել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված պատարագին, այնուհետև ծաղկեպսակ է զետեղել և ծաղիկներ է խոնարհել Սուրբ Հարություն եկեղեցու տարածքում գտնվող «Ո՛չ Ցեղասպանությանը» նվիրված հուշարձանին: Երեկոյան Ռոստովի երաժշտական թատրոնում տեղի է ունեցել “Вопреки всему” խորագրով համերգ՝ նվիրված Հայոց ցեղասպանության 108-րդ տարելիցին, որին մասնակցել են համայնքային, քաղաքային և հասարակական շրջանակների ներկայացուցիչներ:

Բրյուսելի Սուրբ Մարիամ Մագդաղենացի եկեղեցում տեղի է ունեցել Եղեռնի զոհերի հիշատակին նվիրված արարողություն, որին ներկա էր դեսպանության ողջ անձնակազմը: Այնուհետև տեղի ունեցավ պսակի զետեղում Բրյուսելի Անրի Միշո հրապարակում գտնվող խաչքար-հուշակոթողի մոտ:

Բաթումի Սուրբ Փրկիչ Հայ Առաքելական եկեղեցում կատարվել է Սրբոց բարեխոսության կարգ՝ հոգևոր հովիվ Տեր Արարատ քահանա Գումբալյանի մատուցմամբ: Եկեղեցու բակում գտնվող Հայոց մեծ եղեռնի զոհերի հիշատակին նվիրված խաչքարի մոտ կայացել է ծաղիկների խոնարհման և մոմավառության արարողություններ:

Անթիլիասի Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսարանում տեղի է ունեցել Սուրբ պատարագ և բարեխոսական կարգ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ի նախագահությամբ:

Հայոց ցեղասպանության 108-րդ տարելիցի կապակցությամբ, Էրբիլում ՀՀ գլխ. հյուպատոսությունը Այնկավայի հայկական Սուրբ Խաչ եկեղեցում կազմակերպել էր «Յամուլքի-Արդարության առաջամարտիկը» վավերագրական ֆիլմի շնորհանդեսը:

Ռուսաստանում Հայաստանի դեսպանի գլխավորությամբ՝ դեսպանության անձնակազմը, ՀԱՊԿ-ում ՀՀ դեսպանը և ՄՆ անձնակազմը, ՀՀ գերատեսչությունների՝ դեսպանությանը կից ներկայացուցիչները, ՀԱՊԿ և ԵՏՀ հայազգի պաշտոնյաները և զինվորականները, հայ համայնքի ներկայացուցիչները Մոսկվայի ՀԱԵ եկեղեցական համալիրի տարածքում ծաղիկներ են խոնարհել՝ ի հիշատակ Մեծ Եղեռնի զոհերի։ Նույն օրը դեսպանը մասնակցել է նաև ՀԱԵ Սուրբ Պայծառակերպություն Մայր տաճարում կայացած պատարագին, որի ավարտին կատարվել է Բարեխոսական կարգ՝ ի հիշատակ Ցեղասպանության սրբադասված նահատակների։

Ռուսաստանի և Նոր Նախիջևանի Հայոց թեմին կից գործող Մոսկվայի «Տապան» թանգարանում բացվել է ցուցահանդես՝ նվիրված Հայոց ցեղասպանության վերաբերյալ նախորդ դարասկզբին լույս տեսած համաշխարհային մամուլի անդրադարձերին։ Թանգարանում կազմակերպվել են նաև Հայոց ցեղասպանության թեմայով կինոդիտումներ։

Ոգեկոչման միջոցառում է տեղի ունեցել Իսպանիայի Կատալունիա ինքնավար համայնքի խորհրդարանում, որը Կատալունիայի կողմից ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի հարգման և ցեղասպանությունների կանխարգելման օր հռչակմանը նվիրված առաջին պաշտոնական միջոցառումն է։

Ոգեկոչման միջոցառում է տեղի ունեցել Մադրիդի Ալմուդենա Մայր տաճարի բակում տեղադրված խաչքարի մոտ։ Նույն օրը նաև Կատալունիայի «Արարատ» հայկական միության և Սանտա Կոլոմա դե Գրամենետի քաղաքապետարանի համագործակցությամբ ոգեկոչման միջոցառում է եղել նաև նշյալ քաղաքում։

Պոլսո Հայոց պատրիարքարանի աթոռանիստ մայր եկեղեցում մատուցվել է ապրիլի 24-ի կապակցությամբ պատարագ, որի ժամանակ հնչել է պատրիարք Սահակ II-ի պատգամը:

Չինաստանում ՀՀ դեսպանությունում կազմակերպվել է Հայոց ցեղասպանության 108-րդ տարելիցին նվիրված հիշատակի միջոցառում, որը սկսվել է դեսպանության բակում տեղադրված խաչքարի մոտ մոմավառությամբ։ Միջոցառման շրջանակներում կազմակերպվել է «Ավրորայի լուսաբացը» գեղարվեստական անիմացիոն ֆիլմի փակ ցուցադրությունը։

Սանկտ Պետերբուրգի Սբ. Կատարինե հայ առաքելական եկեղեցում մատուցվել է Հայոց Ցեղասպանության սրբադասված նահատակների ոգեկոչման պատարագը և պսակադրության արարողությունը: Վասիսլեոստրոցսկի շրջանի Կամսկի այգում տեղի է ունեցել պսակադրության արարողություն Կոմիտասի արձանի մոտ:

Վոլգոգրադի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանի դիմաց տեղի ունեցել հիշատակի միջոցոռում, ինչպես նաև պատարագի մատուցում Սուրբ Գևորգ եկեղեցում:

Սոչիի Ալտմեց հայաբնակ գյուղին հարող տարածքում տեղի ունեցել միջոցառում:

Նովոսիբիրսկի Պերվոմայսկի այգում տեղադրված հայկական խաչքարի մոտ տեղի է ունեցել հիշատակի միջոցառում հայ համայնքի և տեղի իշխանությունների ներկայացուցիչների մասնակցությամբ: Նովոսիբիրսկի Սուրբ Աստվածածին եկեղեցում մատուցվել է պատարագ։

Ապրիլի 23

Թբիլիսիում կազմակերպվել է ջահերով երթ, որն ավարտվել է Հավլաբարի Սուրբ Էջմիածին եկեղեցու բակում գտնվող Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված խաչքարի մոտ:

Ժնևի Վիկտորիա Հոլ հանրաճանաչ սրահում տեղի ունեցավ համերգ, որը կրում էր «Հայաստանի ճանապարհին» խորագիրը։ Շվեյցարաբնակ սոպրանոներ Արմինե և Կարինե Մկրտչյանները, դաշնակահար Տոդ Կամբուրնի նվագակցությամբ և Միշել Լուբիցի դուդուկի կատարման ներքո ներկայացվել են մի շարք հայ և օտարազգի կոմպոզիտորների ստեղծագործություններ։ Մասնավորապես հնչել են Կոմիտասի, Էդվարդ Միրզոյանի, Խաչատուր Ավետիսյանի և այլոց գործերը։

Շվեյցարիայի հայկական, հունական, ասորական և քրդական համայնքների մասնակցությամբ Լոզանի Սուրբ Ֆրանցիսկոսի եկեղեցում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում՝ նվիրված Օսմանյան կայսրության ոճրագործությունների զոհերի ոգեկոչմանը։

Լիտվայի Կաունասի կաթողիկ եկեղեցում մատուցվել է պատարագ, որից հետո ծաղկեպսակներ են զետեղվել Նարեկացուն նվիրված խաչքարին։

Լիտվայի Կլայպեդա քաղաքի եկեղեցում մատուցվել է պատարագ, հնչել է հոգևոր երաժշտություն, որին հաջորդել է ծաղիկների և ծաղկեպսակների զետեղման արարողություն Կլայպեդայում տեղադրված խաչքարին։

Լիտվայի Շաուլյայ քաղաքում տեղի է ունեցել ծաղկեպսակների զետեղման արարողություն քաղաքի շրջակայքում գտնվող Խաչերի սարում տեղադրված հայկական խաչքարին։

Մեքսիկայում դեսպանությունը նախաձեռնել է հայ համայնքի ներկայացուցիչների և Մեքսիկայի քաղաքական և հասարակական գործիչների մասնակցությամբ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառման անցկացումը Մեխիկոյի զբոսայգում գտվող «Հայկական ժամացույց» հուշարձանի մոտ։ Ելույթով հանդես են եկել ՀՀ դեսպան Արմելլա Շաքարյանը և Մեքսիկայի կոնգրեսական Մարիա Էլենա Սերանոն: Մեխիկո քաղաքի Բալվաներայի Տիրամոր տաճարում մատուցվել է պատարագ՝ նվիրված Հայոց ցեղասպանության սրբադասված զոհերի հիշատակին:

Վիեննայի Սուրբ Հռիփսիմե Հայ Առաքելական եկեղեցում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների հիշատակին նվիրված ոգեկոչման կարգ։ Պատարագին հաջորդած միջոցառմանը ելույթով է հանդես եկել Ավստրիայում ՀՀ դեսպան Արմեն Պապիկյանը: Ծաղկեպսակ է զետեղվել եկեղեցու բակում տեղադրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողի մոտ։

Ավստրիայի հանրային հեռուստաընկերությունը հեռարձակել է Հայոց ցեղասպանությանը նվիրված լայնածավալ թողարկում, որն ի թիվս այլնի անդրադարձել է 2022թ. դեկտեմբերի 9-ին՝ Ցեղասպանությունների կանխարգելման միջազգային օրվան, Ավստրիայում ՀՀ դեսպանության նախաձեռնությամբ և Վիեննայի «Հոլոքոստի ուսումնասիրությունների Վիզենտալ ինստիտուտի», ինչպես նաև «Ավստրիայի Ֆիլմերի Արխիվի» հետ համագործակցությամբ Վիեննայի «Metro Kinokulturhaus» կինոթատրոնում Սյուզան Խարդալյանի՝ Հայոց ցեղասպանության ժամանակ կանանց և աղջիկների դեմ գործված բռնությունների մասին պատմող «Տատիկիս դաջվածքները» փաստավավերագրական ֆիլմի ցուցադրությանը։ Հաղորդման ընթացքում նաև անդրադարձ է եղել Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակին. ավստրիացի հայագետ Յասմին Դում Թրագուտը, ավստրիահայ համայնքի ներկայացուցիչները խոսել են Արցախում հնարավոր նոր ցեղասպանության մասին։

Աթենքի «Ակրոպոլ» թատրոնի սրահում տեղի է ունեցել Եղեռնի զոհերի հիշատակին նվիրված ոգեկոչման կենտրոնական քաղաքական ձեռնարկը՝ Ատտիկայի նահանգապետարանի և Հայոց ազգային առաջնորդարանի նախաձեռնությամբ, Հայ Դատի հանձնախմբի օժանդակությամբ: Հայ Իրավանց Խորհրդի կազմակերպմամբ և Հունահայ թեմի հովանավորությամբ Աթենքի Սուրբ Աստվածածին եկեղեցում տեղի է ունեցել Ցեղասպանության զոհերի հոգեհանգստի կարգ և մոմավառություն:

Շարժայի Կուեսոյան սրահում Սաուդցի հետազոտող Թավաշիֆ բինթ Հումաիդ բին Մոքբիլ ալ Ինզիի հանդես է եկել դասախոսությամբ՝ «Բրիտանիայի քաղաքականությունը Հայոց Ցեղասպանության ընթացքում» թեմայով, որը կազմակերպվել էր ԱՄԷ և Կատարի Հայոց թեմի կողմից:

Աբու Դաբիի և Շարժայի եկեղեցիներում տեղի են ունեցել Հայոց ցեղասպանության զոհերի ոգեկոչմանը նվիրված պատարագներ:

Բուխարեստի Հայոց ցեղասպանության ոգեկոչմանը նվիրված միջոցառումները շարունակվել են «Վիկտորյա և Հովսեփ Դուդյան» մշակույթի տանը, որտեղ կազմակերպվել էր լուսանկարների ցուցահանդես և «Գաղտնի ազգ․ Թուրքիայի թաքուն հայերը» գրքի ներկայացում-քննարկում՝ մասնակցությամբ հատուկ հյուրի՝ գրքի հեղինակ, լրագրող Ավետիս Հաճեանի։ Գիրքը նվիրված է Ցեղասպանությունը վերապրածների ժառանգներին՝ Արևելյան Թուրքիայի հայերին, որոնք մեծ մասամբ կրոնափոխ են եղել և ձուլվել։

Սոֆիայի «Երևան» այգում գտնվող հայկական խաչքարի մոտ անցկացվել է հիշատակի արարողություն՝ նվիրված Հայոց ցեղասպանության 108-րդ տարելիցին:

Լոնդոնի Սուրբ Եղիշե հայկական եկեղեցում մատուցվել է պատարագ՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի։ Պատարագից հետո դեսպան Ներսեսյանը ելույթ է ունեցել Սուրբ Եղիշեի բակում տեղադրված հայկական խաչքարի առջև՝ ընդգծելով անցյալի ցեղասպանությունները հիշելու և դրանց ճանաչման կարևորությունը՝ որպես կենսական գործիք աշխարհի ցանկացած կետում նման վայրագությունների կրկնությունը կանխելու համար։ Լոնդոնի Սուրբ Սարգիս եկեղեցում տեղի է ունեցել էկումենիկ աղոթք։ Աղոթքին ներկա էին տարբեր դավանանքների քրիստոնյա առաջնորդներ։

Ֆրանկֆուրտի Սբ. Պողոս եկեղեցում (Paulskirche) տեղի է ունեցել Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության 108-րդ տարելիցին նվիրված հիշատակի արարողություն, որը կազմակերպվել էր Հայաստանյաց առաքելական եկեղեցու Գերմանիայի հայոց թեմի, Գերմանահայոց կենտրոնական խորհրդի և Գերմանիայում ՀՀ դեսպանության կողմից:

Նոր Զերլանդիայի Վելինգտոնի քաղաքի Անգլիկան եկեղեցու Սուրբ Պողոս տաճարում մատուցվել է սուրբ պատարագ, որում ոգեկոչվել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը: Պատարագից հետո եկեղեցու երգչախումբը հայերեն լեզվով կատարել է Կոմիտասի «Երկնից գետնից» ստեղծագործությունը:

Շվեդիայի հայկական միությունների համադրող կենտրոնի եւ հայկական եկեղեցական խորհրդի նախաձեռնությամբ շվեդ միսիոներուհի Ալմա Յոհանսոնի գերեզմանի մոտ կայացել է հիշատակի միջոցառում, որի շրջանակներում կատարվել է պատարագ, իսկ ներկաները ծաղկեպսակ են զետեղել միսիոներուհու գերեզմանին։

Շվեդիայի Գոթեբորգ քաղաքի Աննեդալ/Annedal/ եկեղեցում «HayAktiv» համայնքային կառույցի կողմից կայացել է միջոցառում, որին որպես բանախոս հանդես է եկել շվեդ լրագրող Ռասմուս Քանբեկը։ Ներկայացվել են երաժշտական կատարումներ և հայ բանաստեղծների ստեղծագործությունների ընթերցումներ։

Շվեդիայի Օրեբրո քաղաքում գտնվող հայերի, հույների, ասորիների, սիրիացիների, քաղդեցիների ու Պոնտոսի հույների ցեղասպանության հուշահամալիրի մոտ տեղի է ունեցել հիշատակի միջոցառում, որը կազմակերպվել էր Արարատ հայկական միության, հայկական եկեղեցական խորհրդի ու Հոմենեթմենի կողմից։

Շվեդիայի Վեստերոս քաղաքի Լուվուդենի բացօթյա եկեղեցում տեղի է ունեցել մոմավառություն։

Ֆինլանդիայի Էսպոո քաղաքի Սուրբ Հերման Ալյասկայի եկեղեցում տեղի է ունեցել մոմավառություն եւ աղոթք՝ հայ համայնքի ներկայացուցիչների մասնակցությամբ, որը լուսաբանվել է ՀՀ դեսպանության ֆեյսբուքյան էջում։

Լիբանանի կաթողիկե հայ համայնքի և ՀՀ դեսպանության մասկացությամբ և Տանն Կիլիկիո Կաթողիկե Հայոց Պատրիարք Ռաֆայել Պետրոս ԻԱ Մինասյանի հովանավորությամբ տեղի է ունեցել ոգեկոչման արարողություն:

Հայ համայնքի կազմակերպմամբ հիշատակի մոմավառություն է իրականացվել Մոնժուիկում (Բարսելոնա) տեղադրված հայկական խաչքարի մոտ։

Իսպանիայի Տոռեմոլինոս քաղաքի քաղաքապետարանի կազմակերպմամբ տեղի է ունեցել «Հայոց ցեղասպանություն» խորագրով ոգեկոչման միջոցառում քաղաքային զբոսայգում տեղադրված՝ Հայոց ցեղասպանության նահատակների հիշատակին նվիրված խաչքարի մոտ։ Միջոցառման շրջանակներում կայացել է սիմֆոնիկ համերգ։ Նույն օրը Սուրբ պատարագ է մատուցվել նաև Բենալմադենայի (Մալագա) հայկական Սուրբ Աստվածածին եկեղեցում։

Զոհերի ոգեկոչման արարողություն է կամակերպվել Ստամբուլի հայաշատ Շիշլի թաղամասում` «Կանաչ ձախ» կուսակցության Շիշլիի մասնաճյուղի կողմից:

Սանկտ Պետերբուրգի ՀԱԵ Լազարյանների անվան կիրակնօրյա դպրոցում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանությանը նվիրված «Սողոմոնի երգը» ֆիլմի ցուցադրումը:

Հուշ երեկո է տեղի ունեցել Տյումենի Մեսրոպ Մաշտոցի անվան հայկական մշակույթի կենտրոնում:

Ամստերդամում տեղի է ունեցել ոգեկոչման արարողություն Ամստերդամի քաղաքապետ Ֆեմկե Հալսեմայի, Նիդերլանդների ԱԳՆ մարդու իրավունքների հարցերով դեսպան Բահիա Թահզիբ-Լիի և մի շարք այլ բարձրաստիճան պաշտոնյաների մասնակցությամբ։

Բրազիլիայում ՀՀ դեսպան Արմեն Եգանյանը Սան Պաուլո քաղաքում ՀՀ դեսպանության անունից ծաղկեպսակ է զետեղել Հայոց ցեղասպանության հուշարձանի առջև և մասնակցել Սան Պաուլոյի Հայ առաքելական Սբ. Գևորգ եկեղեցում մատուցված Սուրբ Պատարագին:

Ապրիլի 22

Մեքսիկայում ՀՀ պատվավոր հյուպատոս Հակոբ Սահակյանի նախաձեռնությամբ Մեքսիկայի Պանինդիկուարո քաղաքում տեղադրվել է Խաչքար` ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի: Խաչքարն օծվել է Հայ Առաքելական Եկեղեցու ԱՄՆ Արևմտյան թեմի հոգևորականների ձեռամբ:

Կոպենհագենում գտնվող 17-րդ դարի Սուրբ Երրորդություն եկեղեցու բակում տեղի է ունեցել հայկական խաչքարի բացման արարողություն։ Խաչքարը նվիրված է Հայոց ցեղասպանության ընթացքում հազարավոր մանուկների փրկած միսիոներուհի Մարիա Յակոբսենի հիշատակին։ Խաչքարի օծումից հետո մատուցվել է Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների բարեխոսության կարգ։

Սոֆիայում ՀՀ դեսպան Արմեն Եդիգարյանի հովանու ներքո կայացել է ՀԲԸՄ Սոֆիայի Կամերային նվագախմբի, դիրիժոր՝ Լևոն Մանուկյան և մենակատար Գագիկ Հակոբյանի (դուդուկ) համերգը՝ նվիրված Հայոց ցեղասպանության 108-րդ տարելիցին:

Ճապոնիայում ՀՀ դեսպանության անձնակազմը, որպես հարգանքի տուրք, այցելել է Յոկոհամայի օտարերկրացիների գերեզմանատուն և ծաղկեպսակ տեղադրել Դիանա Աբգարի շիրիմին:

Ստոկհոլմում Թուրքիայի դեսպանության մոտից մեկնարկել է ջահերով երթ դեպի Ստոկհոլմի «Kungsträdgården» այգի։

Ապրիլի 21

Տեղի է ունեցել «Թաքնված քարտեզ» ֆիլմի ցուցադրությունը՝ Շտուտգարտի (Bad Cannstatt) Ավետարանական "Lutherkirche" եկեղեցում:

Ապրիլի 20

Սոչիի Կամերային և երգեհոնային երաժշտության տանը տեղի է ունեցել հուշ երեկո:

Ապրիլի 19

Հայոց Ցեղասպանության 108-րդ տարելիցը ոգեկոչելու նպատակով Թեհրանի հայոց թեմի բոլոր մանկապարտեզների, նախակրթարանների և տարրական օղակի ու Հայ երեխաներին օժանդակող «Ակունք» մարմնամտային խանգարումներով կենտրոնի աշակերտները թեհրանահայ համայնքի երեք հայահոծ քաղաքամասերում՝ Կենտրոնում, Զեյթունում և Սասունում գտնվող Ս. Սարգիս, Ս. Գրիգոր Լուսավորիչ և Սրբոց Թարգմանչաց եկեղեցիներում ծաղիկներ են զետեղել Հայոց Մեծ Եղեռնի Սրբադասված Նահատակների հուշարձանին և խնկարկել Նահատակների հիշատակին: Հայոց Մեծ Եղեռնի 108-րդ տարելիցին նվիրված միջոցառումների շրջանակում միասնական միջոցառում էր կազմակերպվել Հ.Մ. «Սարդարապատ» միության կենտրոնատեղիում:

Հաագայում Հայաստանի դեսպանության, Նիդերլանդների հայկական կազմակերպությունների ֆեդերացիայի և «Periscoop films» ընկերության կազմակերպմամբ Ամստերդամի «Eye» կինոթատրոնում տեղի է ունեցել «Ավրորայի արշալույսը» ֆիլմի ցուցադրությունը՝ նվիրված Հայոց ցեղասպանության 108-րդ տարելիցին։

Ապրիլի 17

Հայոց Ցեղասպանության 108-րդ տարելիցի մեծարման միջոցառումների աշակերտական ծրագրերի շրջանակում Թեհրանի հայոց դպրոցների միջնակարգ օղակի աշակերտները, նաև ուրբաթօրյադասընթացների մասնակից դպրոցականները համախմբվել էին «Արարատ» մարզավանի «Սասունցի Դաւիթ» սրահում, հարգելու՝ Հայոց Ցեղասպանության Սրբադասված նահատակների հիշատակը:

Ֆրանսիայի Բյուշ-Դյու-Ռոնի դեպարտամենտի խորհրդի շենքում տեղի է ունեցել 1915թ. Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշապաստառի բացման հանդիսավոր արարողություն՝ խորհրդի նախագահ տիկին Մարտին Վասալի, ինչպես նաև Ֆրանսահայ կազմակերպությունների համակարգող հարավային խորհրդի համաախագահների նախաձեռնությամբ և մասնացկությամբ:

Ապրիլի 11

Բելգիայում ՀՀ դեսպան Աննա Աղաջանյանը և դեսպանության անձնակազմը ներկա են գտնվել Իննա Սահակյանի, 2022թ. միջազգային համատեղ արտադրությամբ նկարահանված, «Ավրորայի լուցաբացը» /Aurora’s sunrise/ փաստագրական անիմացիոն ֆիլմի ցուցադրությանը: Ֆիլմը նկարահանվել է Հայոց Եղեռնը վերապրած Ավրորա /Արշալույս/ Մարդիգանյանի հիշողությունների հիման վրա, ով Եղեռնից մազապուրծ լինելուց հետո հաստատվել էր ԱՄՆ-ում:

Տպել էջը