Եվրոպայի օրվան նվիրված միջոցառումների մեկնարկին ընդառաջ մամուլի ասուլիս
15 մայիսի, 2023Մայիսի 15-ին կայացել է ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանի, Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Անդրեա Վիկտորինի և Հայաստանում Շվեդիայի արտակարգ և լիազոր դեսպան Պատրիկ Սվենսոնի համատեղ մամուլի ասուլիսը, որով ազդարարվել է Եվրոպայի օրվան նվիրված միջոցառումների մեկնարկը:
Ասուլիսի ընթացքում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը շնորհավորել է ներկաներին Եվրոպայի օրվա կապակցությամբ՝ անդրադառնալով ՀՀ-ԵՄ բազմաշերտ հարաբերությունների օրակարգային մի շարք հարցերի՝ ընդգծելով Հայաստանի և Եվրոպական միության միջև համագործակցության հետագա խորացման կարևորությունը:
Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարը և Հայաստանում Շվեդիայի դեսպանն իրենց հերթին անդրադարձել են ՀՀ-ԵՄ և ՀՀ-Շվեդիա հարաբերությունների դրական դինամիկային, Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների շարունակականության և ԵՄ-ում շվեդական նախագահության շրջանակներում նոր նախաձեռնությունների կյանքի կոչման կարևորությանը:
Ասուլիսի ավարտին պաշտոնյաները պատասխանել են լրագրողների բազմաբնույթ հարցերին: