ՀՀ ԱԳ նախարարի հանդիպումը ԳԴՀ Բունդեսթագի Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի հետ
07 հունիսի, 2023Հունիսի 7-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է ԳԴՀ Բունդեսթագի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Միխայել Ռոթին:
Զրուցակիցները գոհունակությամբ արձանագրել են Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության դրական դինամիկան, այդ թվում նաև՝ խորհրդարանական ձևաչափով, և պատրաստակամություն են հայտնել շարունակել ակտիվ ջանքերը տարբեր հարթակներում փոխգործակցության հետագա խորացման ուղղությամբ։ Մտքեր են փոխանակվել նաև ՀՀ-ԵՄ ընդլայնվող գործընկերության օրակարգին առնչվող հարցերի շուրջ:
Հանդիպման ընթացքում քննարկվել են տարածաշրջանում ստեղծված անվտանգային իրավիճակը և առկա խնդիրներ, որոնք հետևանք են Լեռնային Ղարաբաղի ժողովրդի և Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականության: Ընդգծելով դրանց հանգուցալուծման հարցում հայկական կողմի հանձնառությունը՝ նախարար Միրզոյանը շեշտել է այդ մոտեցումն Ադրբեջանի կողմից փոխադարձելու և հանձնառությունները կատարելու հրամայականը:
Անդրադարձ է կատարվել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին, այս համատեքստում շահագրգիռ միջազգային գործընկերների կողմից այդ ուղղությամբ իրականացվող ջանքերին: Նախարար Միրզոյանը ներկայացրել է գործընթացում առանցքային խնդիրների վերաբերյալ հայկական կողմի դիրքորոշումը: Ի թիվս այլ հարցերի, երկարատև կարգավորման համատեքստում երկուստեք ընդգծվել է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների և անվտանգության հարցերի հասցեագրման կարևորությունը: