Հայաստանի և Ֆրանսիայի ԱԳ նախարարների հեռախոսազրույցը
06 հուլիսի, 2023Հուլիսի 6-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի ԱԳ նախարար Կատրին Կոլոննայի հետ։
Զրուցակիցները մտքեր են փոխանակել տարածաշրջանում անվտանգության և կայունության հարցերի շուրջ:
Արարատ Միրզոյանը ֆրանսիացի գործընկերոջն է ներկայացրել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին զարգացումները: Անդրադարձ է կատարվել առանցքային հարցերին, մասնավորապես Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման, Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների և անվտանգության հարցերի՝ միջազգային մեխանիզմի ներքո հասցեագրման, ինչպես նաև տարածաշրջանում տնտեսական ու տրանսպորտային կապուղիների ապաշրջափակմանն առնչվող հարցերի:
Նախարար Միրզոյանն ընդգծել է ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառման միջոցով խնդիրները լուծելու անթույլատրելիությունը, Ադրբեջանի կողմից ագրեսիվ գործողություններից և սադրիչ հռետորաբանությունից զերծ մնալու անհրաժեշտությունը:
Ընդգծվել է Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված մարդասիրական ճգնաժամի հաղթահարման և Ադրբեջանի կողմից էթնիկ զտումներին ուղղված հետագա գործողությունների կանխման ուղղությամբ միջազգային ջանքերի հրատապությունը: